Ինչո՞վ Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև վերջին հանդիպումը տարբերվեց երկու նախագահների նախորդ հանդիպումներից. նրանով, որ նախորդ հանդիպումներից հետո գոնե որոշ ժամանակ սահմանին դադարում էին հրադադարի խախտումները ադրբեջանական կողմից, իսկ այս անգամ դա էլ չեղավ, ադրբեջանական կողմը շարունակում է դրսևորել նույն պահվածքը: Ու թեև միջնորդները համառորեն փորձեցին հանդիպման մեջ դրական երանգներ տեսնել, թե իբրև կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու այդ հարցը, բայց իրականում ադրբեջանական կողմը ընդամենը ասել է, որ պատրաստ է քննարկել շփման գծում հետաքննական մեխանիզմներ կիրառելու հարցը: Մեխանիզմներ, որոնք ընդամենը կօգնեն բացահայտելու, թե որ կողմից է եղել խախտումը: Ադրբեջանը չի ասել, որ ընդունում է այդ առաջարկը, այլ ասել է, որ պատրաստ է քննարկել, իսկ դրանք տարբեր բաներ են:

 

 

Հասկանալի է, որ նման մեխանիզմների կիրառումը Ադրբեջանին բնավ ձեռնտու չէ, որովհետև այդ դեպքում արդեն միջազգային կառույցները կդադարեն հավասարության նշաններ կողմերի միջև: Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն արդեն ներկայացրել է պայմաններ, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն «Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներից», որից հետո իբրև թե միջադեպեր այլև չեն լինի, հետաքննության կարիք էլ չի լինի:

 

 

Բնական է, որ Ադրբեջանը հասկանում է, որ այդ պայմանն այդպես էլ անկատար կմնա, հետևաբար մնացած բոլոր հարցերն էլ, որոնք իբրև թե ինքը պատրաստ է քննարկել, այդպես էլ կմնան չքննարկված, և արդյունքում՝ ոչ մի քայլ առաջընթաց: Այնպես որ, մոտ ապագայում չեմ կարծում, թե Ադրբեջանը կդադարեցնի հրադադաևրի խախտումները և դիվերսիոն գործողությունների փորձերը, սակայն նաև չեմ կարծում, թե կանցնի ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որովհետև, ամեն դեպքում, թշնամին նաև հասկանում է, որ ավելի լայնամասշտաբ գործողությունների դեպքում ինքը հաջողության հասնելու շանսեր չունի և հերթական անգամ կհայտնվի պարտվողի ու կորցնողի դերում: Իսկ նրանց յուրաքանչյուր դիվերսիոն փորձին կհաջորդեն մեր բանակի պատժիչ գործողությունները, որոնց արդյունքները ցավալի են լինում Ադրբեջանի համար:

 

 

Եզրակացությունն առայժմ մեկն է՝ բանակցությունների և միջազգային կառույցների վրա այս պահին հույս դնելն անիմաստ է, և մեր անվտանգության միակ երաշխավորը մեր բանակն է, որը ամեն օր ապացուցում է իր մարտունակությունը:

Կարեն Վարդանյան