Հետաքրքիր է, եթե պատժամիջոցները չլինեին, պետություններն ընդհանրապես ինչո՞վ պիտի, ինչպե՞ս պիտի կարգավորեին ու որոշեին միմյանց միջև հարաբերությունները: Միջազգային տնտեսական քաղաքականությունը, փաստորեն, կմեռներ, և ոչ ոք անելիք չէր ունենա, որովհետև այսօր ով քնից զարթնում է՝ մեկ այլ երկրի հանդեպ պատժամիջոցներ է սահմանում: Եվ երբ խոշորներն են դրանք սահմանում մանրների հանդեպ՝ դա գոնե տեղավորվում է տրամաբանության մեջ, բայց այ հակառակ երևույթը շատ զավեշտալի է: Հիմա էլ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն է հայտրարարել, որ 2016թ. հունվարի 1-ից սկսած Ուկրաինան պատասխան առևտրային պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ:

 

 

Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջությամբ քայքայված տնտեսությամբ, պարտքերի մեջ խրված ու թուլացած Ուկրաինան պատժամիջոց է սահմանում Ռուսաստանի դեմ: Դեռ պատգամավորներն էլ 291 ձայնով աջակցում են Յացենյուկի օրինագծին և, հավանաբար, հիմա հպարտանում են՝ իրենց հաղթած զգալով: Ուղղակի մի բան հաշվի չեն առնում, որ Ռուսաստանի նման խոշոր և անհամեմատ ավելի հզոր պետությունը իրենց այդ պատժամիջոցների ազդեցությունը նույնիսկ չի էլ նկատի: Ախր, որևէ քայլ անելիս, գոնե պետք է սեփական հնարավորությունները գնահատել ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար:

 

 

Կարեն Վարդանյան