Թուրքիան պատրաստվում է 2016-ի հունիսից վիզային ռեժիմ մտցնել 89 երկրների հետ, որոնց թվում է նաև կրտսեր եղբայր Ադրբեջանը: Ու այս լուրը ընդգծված ձևով ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ինչը ցույց է տալիս, որ կրտսեր թուրքերն ավագ թուրքերից մեղմ ասած՝ «վառված» են մնացել, կամ էլ շոկային վիճակ է դեռ:

 

Բա այդպես էլ կպատահի՝ միջազգային քաղաքականություն է, Թուրքիան էլ հայտնի է որպես նենգ խաղացող, և տարբեր շահերի բախման այս հորձանուտում ինչու չէ՝ երբեմն կարող է անտեսել նաև կրտսեր եղբորը, կամ իր որևէ այլ շահը գերադասել կրտսեր եղբորը չնեղացնելուց:

 

Իսկ շահը այս դեպքում Արևմուտքից է գալիս, դա ԵՄ-ի պահանջն է: Թուրքիան էլ, գիտենք, որ երազում է ԵՄ-ում հայտնվել: Եվ հետաքրքիր է, որ ըստ այդ պահանջի՝ Թուրքիան նաև վիզային ռեժիմ է մտցնելու այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

 

Ինչպես տեսնում եք՝ այս ցանկում կան նաև Թուրքիային բարեկամ երկրներ՝ մասնավորապես Ղազախստանը: Բայց այս ցանկի երկրները նաև մեկ այլ ընդհանրություն ունեն՝ նրանց մեծ մասը սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ:

 

Հետաքրքիր է, չէ՞:

 

Կարեն Վարդանյան