Անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես է վերաբերվում վերջերս երկրում անցկացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընդունված նոր Սահմանադրությանը, փաստը մնում է փաստ, որ այն այլևս անշրջելի իրողություն է, և բոլորս շուտով ստիպված ենք լինելու հաշվի նստել հայաստանյան այն նոր իրականության հետ, որը թելադրելու է մեզ Սահմանադրությունը:


Չնայած դրա կողմնակիցների հավաստիացումներին, թե այն պարունակում է ժողովրդավարական, իրավական պետության կայացման համար անհրաժեշտ բավականաչափ ներուժ, որի պատշաճ իրացումը կարող է նպաստել երկրում սահմանադրականության մակարդակի նշանակալի աճին, փաստը մնում է փաստ, որ այն հեռու է կատարելություն համարվելուց և իր մեջ պարունակում է օրենսդրական խութեր, որոնք այնպիսի հարցեր են առաջ բերում, որոնց, մեր համոզմամբ, որևէ մեկը, այդ թվում՝ Սահմանադրության կողմնակիցները, չեն կարող հեշտությամբ պատասխանել: Նկատի ունենալով այն ցավալի փաստը, որ մեր հասարակությանը ներկայումս հուզող խնդիրների առյուծի բաժինը վերաբերում էսոցիալ-տնտեսական ոլորտին, կցանկանայինք առավելապես շեշտադրել այն խնդիրները, որոնք նորՍահմանադրությունն առաջացնում է հենց այս հարթության մեջ:


Ուսումնասիրելով որոշ հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները՝ հասկանում ես, որ ներկայումս լիարժեքորեն գործող Սահմանադրությունը, որն այնքան փնովվեց «Այո»-ի կողմնակիցների կողմից, որքան էլ տարօրինակ հնչի, բայց որոշ դեպքերում շատ ավելի մեծ երաշխիքներ է տալիս՝ քաղաքացու սոցիալական պաշտպանվածության առումով, քան՝ այս մեկը: Ահավասիկ. նորում փաստացի վերացվել է սեփականության իրավունքի սահմանափակումներից մեկը, այն է՝ «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին»՝ սահմանված հին Սահմանադրությամբ, ինչը նշանակում է, որ վաղ թե ուշ խնդիրներ են առաջանալուբնապահպանների ու սեփականատերերի միջև, քանի որ թողնել ամեն բան սեփականատերերի քմահաճույքին, մեր իրականության պայմաններում նշանակում է՝ բնությունը դատապարտել ապականման. դժվար թե մեր բիզնեսմենները երբևէ համաձայնեն, ասենք, հրաժարվել սեփական բիզնես պրոյեկտներից՝ հանուն երկրում կանաչ տարածությունների պահպանման (մեզ մոտ, ցավալիորեն, փողը վեր է դասվում գրեթե ամեն ինչից):

 

Հաջորդը վերաբերում է բնական պաշարների խնդրին. ի տարբերություն հին Սահմանադրության՝ նորով պետության վրա դրվում է ոչ թե բնական պաշարների ողջամիտ օգտագործման ապահովման, այլ ընդամենը խթանման պարտավորություն, ինչով ողջ պատասխանատվությունը բարդվում է մասնավորի վրա, իսկ պետությունը մի տեսակ դիտորդի դեր է ստանձնում: Հետընթացը հատկապես վերաբերում է աշխատավորների աշխատավարձերին վերաբերող հարցին: Պարզվում է, որ նոր Սահմանադրությամբ վերացվել է յուրաքանչյուր աշխատողի արդարացի վարձատրության իրավունքը: Ի տարբերություն հին Սահմանադրության, որը հստակորեն սահմանում էր, որ յուրաքանչյուր աշխատող ունի օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունք, նոր Սահմանադրությունն ընդամենն ամրագրում է. «Նվազագույն աշխատավարձը սահմանվում է օրենքով»:

 

Ինչպես կարելի է եզրակացնել, վերջինս չի կանխարգելում անվանական և փաստացի նվազագույն աշխատավարձերի միջև խզվածքի հնարավորությունը՝ նվազագույն աշխատավարձի հարկման կամ դրանից այլ պարտադիր վճարների գանձման արդյունքում: Պարզ լեզվով ասած՝ այլևս երկրում չի լինելու «նվազագույն աշխատավարձի շեմ» հասկացությունը, ինչը նշանակում է, որյուրաքանչյուր գործատու ըստ իր հայեցողության է սահմանելու իր աշխատողի աշխատավարձի չափը. որքան կուզենա, այնքան էլ կվարձատրի, ու ամբողջ երկրում չի գտնվի գեթ մեկը, ով կարող է ինչ-որ կերպ պարտադրել նրան, ասենք, վճարել գոնե նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք. իր բիզնեսն է՝ ինչպես ուզում, այնպես էլ վարվում է, պետությունն ո՞վ եղավ, որ գա ու իրեն ասի, թե որը որից հետո է:

 

Նոր Սահմանադրությամբ փոփոխության է ենթարկվել նաև յուրաքանչյուրի՝ իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բավարարման իրավունքի մասին դրույթը: Փոխարենը սահմանվել է յուրաքանչյուր կարիքավորի և տարեցի արժանապատիվ գոյության իրավունքը:


Համաձայնե՛ք, որ այս ամենից ակնհայտ է դառնում ընդամենը մեկ բան. արվել է գրեթե ամեն ինչ՝թուլացնելու պետության՝ իր քաղաքացիների կյանքում նախկինում ունեցած գոնե որոշակի դրական դերը, ու ամեն բան թողնվել է մասնավորի որոշմանը: Փաստացի ստացվում է՝ մասնավոր սեփականատերերն ու բիզնեսմեններն են որոշելու, թե Հայաստանի քաղաքացիների ահռելի տոկոսն ինչ պայմաններում է ապրելու, որքանով են պաշտպանված լինելու մեր շահերը. նոր Սահմանադրությունը հիմքեր է ստեղծում մեր՝ առանց այն էլ թույլ պետության լիարժեք քայքայման համար: Ուրեմն՝ մնում է՝ պատրաստվենք վատթարագույնին, ժողովո՛ւրդ ջան, ու առանձնակի հույսեր չկապենք, թե կգա մի օր, երբ Հայաստանը կդառնա իրավական երկիր: Այդ առումովմեր երկրում ժամանակը ոչ միայն կանգ է առել, այլև շարժվում է ճիշտ հակառակ ուղղությամբ՝ դեպի գահավիժում:


Դավիթ Բաբոնով