Եթե հիշում եք, վերջերս կառավարության նիստերից մեկում հայտարարվել էր այն մասին, որ մոտ ապագայում ծրագրվում է որոշ կրճատումներ իրականացնել կառավարության կազմում, ինչի նպատակն է էապես օպտիմալացնել այն ծախսերը, որոնք պետությունը ստիպված է կատարել՝ կերակրելու համակարգի համար միանգամայն ավելորդ դարձած կադրերին: Թե ինչ արդյունավետությամբ կիրականացվի այս նախաձեռնությունը, իհարկե, դեռևս մեծ հարցական է մնում, բայց կցանկանայինք, որ այս կրճատումների արդյունքում աշխատանքից ազատվեին, ոչ թե, ասենք այն մարդիկ, ովքեր թեև լավ մասնագետներ են, բայց որևէ կերպ չեն տեղավորվում կոռուպցիոն շղթայում, որում հայտնվել են միգուցե միանգամայն ակամա, այլ այնպիսիք,որոնք ոչ մի կերպ չեն կարող արդարացնել սեփական գոյությունն երկրի կառավարումն իրականացնող կարևորագույն այս մարմնում՝ իրենց՝ մասնագիտական ոչ բարձր ընդունակությունների պատճառով:

 

 

Սկզբի համար, օրինակ, խորհուրդ կտայինք մեր իշխանավորներին վերացնել նախ արդեն վաղուցանիմաստ դարձած մարմինները, որոնք թեպետ ստեղծվել են՝ այս կամ այն նախարարության աշխատանքներն ավելի թեթևացնելու նպատակով, բայց որոնց աշխատանքի բուն իմասն այդպես էլ անհասկանալի է մնում շատերիս համար:

 

 

Խոսքը, մասնավորապես, այն տարատեսակ հիմնադրամների մասին է, որ պետության փողերը բաժանելուց բացի՝ այլ բան չեն անում: Փորձենք թվել դրանցից մի քանիսը. «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամ», «Մշակութային զարգացման բարեգործական հիմնադրամ», «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ» և այլն:

 

 

Համաձայնե՛ք, որ սրանք կառույցներ են, որոնց գործունեությունը չի կարող համարվել ինչ-որ անփոխարինելի մի բան, քանի որ դրանց գործառույթները կարող են հաջողությամբ իրականցնել այն նախարարությունների որոշ վարչություններ, որոնց աշխատանքներին օժանդակելու համար էլ, խոշոր հաշվով, ստեղծվել էին այդ մարմինները:

 

 

Բայց կարող է շատերի մոտ, ելնելով մեր իրականությունից, մի բնական հարց առաջանալ՝ եթե վերանան նմանատիպ մարմինները, այդ դեպքում ինչպե՞ս են որոշ չինովնիկներ աշխատանքի տեղավորելու սեփական ծանոթներին, հարազատներին և այլն. հաշվի առնելով այն կոռուպցիոն շղթան, որ առկա է պետական կառավարման համակարգերում, համաձայնեք, դժվար կարելի է պատկրացնել, թե ինչպես են կրճատվելու իրենց կապերի շնորհիվ այստեղ բույն դրած այն կադրերը, որոնք, բացի սուրճ խմելուց ու համակարգչային խաղերով զվարճանալուց, գործնականում այլ բանով չեն զբաղվում իրենց աշխատավայրերում:

 

 

Մնում է հուսալ, որ կառավարության աշխատակազմի օպտիմալացումը չի կրի ձևական բնույթ, և մեզ, այնուամենայնիվ, կհաջողվի պետական բյուջեն ազատել այն ավելորդ բեռից, որն առաջացել է կադրերի ոչ օպտիմալ կառավարման արդյունքում:

 

 

Դավիթ Բաբանով