Ինչպես ողջ հանրապետությունում, Կենտրոնում նույնպես, մեկնարկել է ձմեռային զորակոչը:
Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցուց վարչական շրջանի թվով 40 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ՝ հայրենիքին պարտքը կատարելու համար: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:
Մինչ ճանապարհ ընկնելն օրհնանքի խոսքն ու աղոթքն է հղել Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիսը:
Ոգեշնչող խոսքով հանդես է եկել նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: «Հայոց բանակի կայացման ճանապարհին իրենց ներդրումն են ունեցել ձեզ պես շատ երիտասարդներ և այդ գործի շարունակողները լինելու եք դուք, սիրելի նորակոչիկներ: Ծառայեք խաղաղությամբ: Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու հզոր դպրոց է:
Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն»:
Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները ստացել են նվերներ վարչական շրջանի ղեկավարի կողմից:
Հրաժեշտի պահը տխուր էր, հուզումնալից բայց և հպարտության զգացումով լեցուն, չէ, որ պատանիները գնացին հայրենիքին ծառայելու: Բարի և խաղաղ ծառայություն...