Կանադայում արձանագրվել է Զիկա վիրուսով մարդկանց վարակվելու երեք դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին հայտնել է CBC հեռուստաալիքը: Նշվում է, որ բոլոր երեք հիվանդացածներն էլ այցելել են Լատինական Ամերիկայի երկրներ՝ Կոլումբիա եւ Սալվադոր:

 

Զիկա վիրուսը առաջացնում է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր եւ հոդացավեր, բորբոքային պրոցեսներ, իսկ առանձին դեպքերում՝ սրտխառնոց եւ փսխում, ստամոքսի խանգարումներ ու ցավեր: Վիրուսը տարածում է Aedes aegypti մոծակը:

 

Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արեւմտյան կիսագնդում այն այժմ հատկապես արագ է տարածվում. վիրուսը թափանցել է 55 երկրներից 21-ը, թեեւ անցյալ տարվա մայիսին հիվանդացածներ կային միայն Բրազիլիայում:

 

Կան տեղեկություններ, որ հղիության շրջանում Զիկա վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որը դրսեւորվում է գանգի չափի զգալի նվազմամբ եւ ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նեւրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, «հղիության կամ ծննդաբերության ժամանակ մորից երեխային Զիկայի փոխանցման վկայությունները սահմանփակ են», հաղորդել է ՏԱՍՍ-ը: