Երբ Լևոն Արոնյանը քայլում է իր հայրենի Հայաստանի փողոցներով, նրան ողջունում են մարդիկ, ռեստորաններում նա անվճար է ուտում, ծնողներն իրենց նորածին զավակներին անվանում են նրա անունով: Արոնյանը դերասան չէ և ոչ էլ ակտիվիստ կամ աստղագնաց: Նա շախմատիստ է' չորրորդն աշխարհում: Եվ այս փոքր, հետխորհրդային, շախմատային երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է: Այսպես է սկսել հոդվածը Լևոն Արոնյանի մասին հայտնի CNN լրատվականը:
Անվանելով Լևոնին «Հայաստանի Դևիդ Բեքհեմ»' լրատվամիջոցը ներկայացնում է հայ շախմատիստի պատմությունն այն մասին, թե ինչպես են նրան բենզալցակայանում սպասարկել անվճար: «Երբ առաջին անգամ իմ հարսնացուն ժամանեց Հայաստան, մենք կանգ առանք բենզալցակայանում և այստեղ ինձ ասացին. «Մենք չենք պատրաստվում Ձեզնից գումար վերցնել»: Հարսնացուիս համար դա շոկային էր, սակայն դա պատահում է անընդհատ»,- մեջբերել է Լևոնի խոսքերը CNN-ը:
Լրատվամիջոցը գրում է, որ շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի բոլոր դպրոցներում: «Այստեղ անգամ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ունենալով 3 միլիոն բնակչություն' Հայաստանն աշխարհում առաջատարն է շախմատային գրոսմայստերների թվով: Շախմատի նախորդ 5 օլիմպիադաներում ազգային հավաքականը կուռքի' Արոնյանի գլխավորությամբ հաղթել է երեք անգամ»,- գրում է լրատվականը:
CNN-ը պատմում է, որ Հայաստանում շախմատի նկատմամբ ձևավորված ջերմ զգացմունքների «պատասխանատուն» 1960-ականներին շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն է: «Բուռն պատմություն ունեցող երկրի համար, որը տեսել է 20-րդ դարի ամենասարսափելի կոտորածներից մեկը, շախմատը դարձել է հայկական ազգային հպարտության կարևոր աղբյուր»,-գրում է լրատվամիջոցը:
«Մենք ուղղակի ազգ չենք, որի ներկայացուցիչները միայն պայքարում են և կռվում: Մենք նաև այնպիսի ազգ ենք, որի ներկայացուցիչները կարող են վերադառնալ հետ' դեպի փառքի ժամանակաշրջանը, երբ մենք մեծ երկիր էինք: Երբ դու ճամփորդում ես Հայաստանում, տեսնում ես վանքեր, համալսարաններ, որոնք ավելի քան 1500 տարվա հնության են, և քեզ մի զգացում է պատում, որ «սա հենց այն է, ինչ մենք կանք»: Մենք եղել ենք մի ազգ, որն ունի հսկայական ինտելեկտուալ կարողություն: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ժողովրդին դեպի շախմատ տանող ուժը հենց ցանկությունն է հետ վերադարձնել այն զգացողությունը, որ մենք ժամանակին գիտական ազգ ենք եղել»,- եզրափակել է Արոնյանը: