Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս մասին Էրդողանը Հարավային Ամերիկա կատարած այցի ընթացքում զրուցել է թուրքական«Միլլիեթ» պարբերականի լրագրողի հետ:
Խոսելով տարածաշրջանային սպառնալիքների մասին' Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սիրիայում ռուսական կողմի գործողություններին' ասելով. «Ցավոք, այս պահին Ռուսաստանն այս հարցում ոչ մի բան չի հաշվարկում: Ռուսաստանին հարիր չէ: Մենք ճիշտ չենք համարում ռուսական կողմի այն մոտեցումը, թե «Ինձ Սիրիան է կանչել, դրա համար էլ այստեղ եմ»: Պետք է դիտարկել' արդյոք այդ հրավերն օրինական է, թե ոչ»:
Էրդողանն անդրադարձել է նաև ռուսական ինքնաթիռի կողմից թուրքական սահմանը հատելու խնդրին: «Մենք այս պահին համբերատար ենք: Ես պարոն Պուտինի հետ կապված արտաքին գործերի նախարարությանը հանձնարարական եմ տվել: Ասել եմ, որ կարող ենք այս հարցերը քննարկել: Սակայն դեռևս որևէ պատասխան չենք ստացել»,- նշել է Թուրքիայի նախագահը: