Թուրքիան և «Իսլամական պետությունը» գաղտնի բանակցություններ են վարում, քննարկում են մաքսանենգ մատակարարումների նոր տարբերակներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում:

 

«Մեզ շատ են անհանգստացնում հաղորդումներն այն մասին, որ թուրքերը կոնկրետ պլանավորում են կամ նույնիսկ, կարող է պատահել, արդեն սկսել են յուրացնել Սիրիայի տարածքի մասերը՝ այնտեղ վրանային ավաններ ստեղծելու պատրվակով, որպեսզի դրանցում կուտակեն սիրիացի փախստականներին՝ նրանց թույլ չտալով հատել Թուրքիայի սահմանը, որտեղ, նրանց խոսքով, ճամբարներն արդեն լեփ-լեցուն են»,- նշել է ՌԴ նախարարը:

 

«Թուրքիայի կողմից շարունակվում են խոսակցություններն այն մասին, որ Սիրիայի տարածքում պետք է ստեղծվի ԻՊ-ից ազատ անվտանգության գոտի,-շարունակել է ՌԴ ԱԳ նախարարը:- Բոլորը հասկանում են, որ խոսքը վերաբերում է քրդական երկու միջատարածքների միջև սահմանային հատվածին, որոնց ուժերի միավորումը Թուրքիան բացարձակապես անընդունելի է համարում իր համար թեկուզև այն պատճառով, որ դա կփակի Սիրիայում գործող զինյալներին մատակարարումներ իրականացնելու և նրանցից մաքսանենգ մատակարարումներ ստանալու Թուրքիայի հնարավորությունները»:

 

«Տեղեկություններ կան այն մասին, որ ԻՊ ղեկավարությունը շարունակում է շփումները Թուրքիայի ղեկավարության հետ։ Նրանք քննարկում են գործողությունների տարբերակները ներկայիս պայմաններում, երբ մեր օդուժի հարվածներով մաքսանենգության ավանդական ճանապարհները սահմանափակ են»,- հավելել է Լավրովը։

 

Ռուսաստանի տեղեկություններով՝ թուրքերը ՆԱՏՕ-ում արդեն քննարկել են Սիրիայի տարածքում ԻՊ-ից ազատ գոտի ստեղծելու հարցը։

 

Լավրովը կարծում է, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան Թուրքիային թույլ չի տա Սիրիա մեծամասշտաբ ներխուժման պլան իրականացնել։

 

«Ես չեմ կարծում, որ ամերիկացիների ղեկավարած կոալիցիան, որի մեջ է մտնում նաև Թուրքիան, թույլ կտա իրականացնել նման անմիտ պլաները»,- ընդգծել է նա։