ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ անդրադարձ է եղել ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափին:

 

 

«Նախնական համաձայնություն ունենք կառավարման համակարգում միասին աշխատելու: Վերջնական համաձայնության մասին կտեղեկանաք շաբաթվա վերջում»,- նշեց Շարմազանովը:

 

 

Քանի որ որոշումը նախնական է, Շարմազանովն անուններ չհստակեցրեց՝ միայն նշելով, որ և՛ ՀՅԴ-ն, և՛ ՀՀԿ-ն եկել են նախնական համաձայնության՝ ապագայում Հայաստանի քաղաքական համակարգում միասնական հանդես գալու համար:

 

 

Ինչ վերաբերում է մամուլի տեղեկություններին, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին կփոխարինի նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ Արծվիկ Մինասյանը, իսկ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին կտրոհվի, և Տարածքային կառավարման նախարար կնշանակվի Դավիթ Լոքյանը, Շարմազանովը նշեց, որ մամուլում հրապարակված անունների մեծ մասն իրականությանը համապատասխանում է, մի փոքր մասը՝ ոչ:

 

 

«Հիմնականում ճիշտ ուղղությամբ ենք գնում»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Շարմազանովը՝ հորդորելով լավատես լինել: