ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում կատարած իր մարզային այցելությունները եզրափակեց Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքում: Աշտարակցիները նրան դիմավորեցին «նախագահ» վանկարկումներով:
Այստեղ աշտարակցիների առջև ելույթ ունենալով նա նշեց, որ հիշում է այն օրը, երբ փոթորկահույզ Երևանում երդվում էր երկիրը տանել փոփոխությունների ճանապարհով' դեռևս ամբողջությամբ չպատկերացնելով, թե ինչ ահռելի պատասխանատվություն է վերցրել իր ուսերին:

«Սակայն այլ ելք չունեի, Հայաստանի վերքերը խորն էին: Ժամանակները փոխվել են, փոխվել է երկիրը, փոխվել եմ և ես: Հինգ տարի շարունակ՝ որպես երկրի գերագույն հրամանատար, մեր ջահել զավակներին խրամատ եմ ճանապարհել, եղել եմ նրանց կողքին' եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգով նրանց հետ եմ եղել ամեն օր: Ես իմ գիրկն եմ առել որդեկորույս հայրերի ու մայրերի, ում զավակները դեռ պիտի մի-մի օջախի սյուն դառնային, բայց չդարձան, որ չմարի հայոց օջախի ծուխը և անսասան մնան երկրի սահմանները»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը նշեց, որ իր հոգու մի մասնիկը ճամփա է ընկել զոհված զինվորի հետ:

«Ես տասնյակ մահերով եմ մահացել մեր որդիների հետ ու կրկին վերածնվել՝ կյանքեր փրկելու համար: Զգացել եմ քաղաքացիական պատերազմի թոհուբոհի մեջ ամեն ինչ թողած սիրիահայ գործարարի ցավը, նաև աշխատանքը կորցրած հայաստանցի շարքային մարդու վիշտը: Փորձել եմ սատարել յուրաքանչյուրին, ով օգնության կանչ է հղել, սփոփել նրանց ում կորուստը չեմ կարողացել լրացնել: Փորձել եմ կորուստներին դիմագրավել մեր հաղթանակներով ու ձեռքբերումներով»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ էլ ավելի շատ ցավում է կորուստների ու իր սեփական սխալների համար, որոնք քիչ չեն եղել: Այնուհետև ավելացրեց, որ իր սխալների մասին իրենից բացի ոչ ոք ավելի լավ չգիտի:

«Մեծագույն քաջությունը երբեք չընկնելը չէ, այլ ընկնելուց հետո ամեն անգամ ոտքի ելնելը: Այսօր ամուր կանգնած եմ ձեր դիմաց, ձեր կողքին, ձեր մեջ: Երբեք ավելի վստահ չեմ եղել Հայաստանի ապագայի համար, քան այս պահին: Ես երբեք չեմ խոստացել, որ մեր ճանապարհը հեշտ է լինելու, ես ընտրել եմ դժվար ուղի, բաց մենք ունենալու ենք ավելի արդար Հայաստան: Ճանապարհն անցնելու ենք միասին, ուս ուսի տված, իրար հանդեպ հարգանքով ու սիրով: Մենք հետդարձի ճանապարհ չունենք»,- ասաց նախագահի թեկնածուն և ավելացրեց,- «կեցցե Հայաստանը, որ աշխարհի ամենալավ երկիրն է»: