Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու խորհրդարանին ներկայացրեց Արման Թաթոյանի թեկնածությունը:
Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 5 պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանը, Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը և ինքը՝ Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ քվեարկությունից հետո ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն արձանագրեց, որ դեմ և ձեռնպահ չունեն, քանի որ ձեռք բարձրացնող պատգամավորներ չկային: Այնուհետև արձանագրեց, որ 6 պատգամավոր, ովքեր իրենց ձեռքը չէին բարձրացրել, դեմ են Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը:
Այս անճշտությունը բարձրաձայնեց Էդմոն Մարուքյանը. պատգամավորը նկատել էր, որ «դեմ»-ի համար ձեռք չի բարձրացվել, այսինքն՝ պատգամավորները չեն քվեարկել: Հովհաննես Սահակյանն առաջարկեց նորից քվեարկություն կազմակերպել, բայց Էդմոն Մարուքյանը չցանկացավ և լքեց դահլիճը:
Նշենք, որ խախտվեց քվեարկության կարգը, հետևաբար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը ևս պետք է դրվի Ազգային ժողովի քննարկմանը:
Նարեկ Ալոյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 2 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Արման Թաթոյանի թեկնածության կողմ քվեարկեց 7, դեմ՝ 4 պատգամավոր: Ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Առաջիկա լիագումար նիստի ընթացքում Ազգային ժողովը կքննարկի Արման Թաթոյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու հարցը: Խորհրդարանում ՄԻՊ-ի ընտրությունը տեղի կունենա գաղտնի քվեարկությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայների հարաբերակցությամբ: