Մի քանի օր առաջ կառավարությունը հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել Համաշխարհային բանկից 30 մլն դոլարի վարկ վերցնել՝ Հայաստանի էներգահամակարգում առաջացած խնդիրները լուծելու համար։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում պատահաբար ասաց, որ վարկը ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար են: Որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց, դժգոհության առիթ տվեց այն, թե ինչու պետք է ՀՀ կառավարությունը ռուսական ընկերության պարտքերը մարելու համար վարկ վերցնի։

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ հաշվի առնելով Հայաստանի պետական պարտքի աննախադեպ ծավալները՝ նոր դրամական միջոցների ներգրավվումը չի կարող դրական անդրադարձ ունենալ: «Հայաստանի պետական պարտքը հատել է 5 մլրդ-ի սահմանը: Այդ 5 մլրդ-ի մեջ առաջին հայացքից 30 մլն-ը մեծ բան չէ, բայց հենց այդ փոքր գումարների արդյունքում է արտաքին պարտքի ծավալը մեծացել»,- նշեց տնտեսագետը: Նրա խոսքով՝ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ հատկապես այս վերջին տարիներին ներգրավված միջոցները չեն ծառայում տնտեսության զարգացմանը:

 

«Տնտեսության վրա չենք նկատում այդ գումարների ազդեցությունը: Այս համատեքստում հերթական անգամ պարտավորությունների ավելացումը չեմ կարծում՝ տնտեսության վրա որևէ էական անդրադարձ կունենա: Կառավարությունն էլ դա չի թաքցնում, որ նախկինում էներգահամակարգում առաջացած պարտքերի մարման համար է: Այսինքն՝ այդ գումարը նույն այդ էներգահամակարգի կամ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը չի նպաստելու։ Ընդամենն արտաքին պարտքի թիվը կավելանա, որն իր ազդեցությունը կունենա բյուջեի վրա»,- մանրամասնեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

 

Հարցին՝ ինչու պետք է կառավարությունը ՀՀ արտաքին պարտքի հաշվին կրկին վարկ վերցնի և վճարի ռուսական ընկերության պարտքը, մեր զրուցակիցն ասաց. «Իհարկե, անընդունելի է: Չեմ կարծում, որ սրանով միանգամից կկարգավորվի մեր էներգահամակարգում առկա խնդիրները: Սա խորքային լուրջ խնդիրներ ունեցող համակարգ է և լուրջ բարեփոխման անհրաժեշտություն ունի: Ավելի կարևոր է, որ մեր էներգահամակարգում տեղի ունենան երկարաժամկետ փոփոխություններ»,- հավելեց տնտեսագետը։

 

Նշենք, որ ՀԷՑ-ը պարտք է Հայկական ատոմակայանին և «Երևանի Ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ-ին:

 

Քրիստինա Աղալարյան