«Ազգընտիրների» շքերթը շարունակվում է: Հաջորդը ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն է, ով հայտնի է նաև որպես «Բառադի Համո»: Իհարկե, պետք է սկսել դրականից. նա կիրթ մարդ է, գիտությունների թեկնածու, դոցենտ է, իսկական գիտությունների թեկնածու է, ոչ թե չակերտավոր, ինչպես այսօր շատերը: Եվս մի արժանիք՝ Համլետ Հարությունյանը մասնակցել է արցախյան ազատամարտին:

 

 

Սակայն ինչ վերաբերում է Համլետ Հարությունյանի պատգամավորական գործունեությանը, ապա 1999-ից մինչ օրս լինելով ԱԺ պատգամավոր՝ Հարությունյանը որևէ կերպ աչքի չի ընկել իր օրենսդրական գործունեությամբ, ավելին՝ նա նույնիսկ գոնե մեկ անգամ ելույթ չի ունեցել ԱԺ նիստերի դահլիճում, 17 տարվա մեջ ընդամենը մեկ անգամ է հանդես եկել նախաձեռնությամբ, այն էլ՝ պատգամավորների խմբի հետ միասին: Բացակայել է քվեարկություններից 41 անգամ, իսկ մասնակցել՝ 613 անգամ, որից 609 անգամը կողմ է քվեարկել: Փաստորեն, Համլետ Հարությունյանի մոտ լավ ստացվում է կողմ քվեարկելը, և հետաքրքիրն այն է, որ ոչ միայն իր փոխարեն, այլ նաև՝ ուրիշի: Բանն այն է, որ Համլետ Հարությունյանն այն պատգամավորներից է, որին անցած տարվա դեկտեմբերին լրագրողները «բռնացրել էին» ուրիշի փոխարեն քվեարկելիս: Եվ առավել հետաքրքիր է, որ Հարությունյանի դեպքում սա առաջին նման դեպքը չէր, 2013-ի հոկտեմբերին էլ լրագրողները տեսել ու ֆիքսել էին, թե ինչպես է Համլետ Հարությունյանը քվեարկում գործընկերոջ՝ Մանվել Բադեյանի փոխարեն:

 

 

Ի դեպ, Բադեյանի հետ որոշակի նմանություններ ունի Հարությունյանը, երկուսն էլ իրենց արտահայտած տարօրինակ մտքերով երբեմն հայտնվում են սկանդալների կենտրոնում: Ասացինք արդեն, որ ԱԺ նիստերի դահլիճում Հարությունյանը 17 տարվա մեջ գոնե մեկ անգամ ելույթ չունեցավ, որ լսեինք, թե այդ մարդն ինչպես է խոսում, սակայն մենք հնարավորություն ենք ունեցել նրան լսելու, օրինակ՝ 2013-ի հունիսին Համլետ Հարությունյանը մի անգամ լրագրողների հետ զրուցելիս հայտարարեց, թե վատ չէր լինի, եթե Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողները վճարեին պատգամավորներին՝ ասելով «Դուք էդ փողը, էդ հացը մեր միջոցով եք աշխատում, հետևաբար մենք ձեր ստնտուն ենք»: Տեսնում եք չէ՞՝ իսկական «օրենսդիրի» մտածելակերպ, իսկ ավելի կարճ ասած՝ մի հոյակապ անձնավորություն:

 

 

Հարությունյանի բախտը, իհարկե, չբերեց, նրա այդ առաջարկը հավանության արժանացավ ընդամենը մի մարդու կողմից, որը, բնականաբար, Մանվել Բադեյանն էր, և արդյունքում պատգամավորը չկարողացավ իր ուզած ձևով լրացուցիչ փող աշխատել: Դե ի՞նչ արած՝ բոլորը չէ, որ պետք է հարուստ լինեն, Համլետ Հարությունյանն էլ կարող է ավելի համեստ ձևով ապրել, և պետք է նշենք, որ իրականում այդպես էլ կա՝ Համլետ Հարությունյանը բիզնես ունեցող և հարուստ ՀՀԿ-ականների թվին չի պատկանում, նա աշխատավարձով ապրողներից է: