ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել հիշյալ տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու համար:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, Անահիտ Սիմոնյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցի 11-րդ նրբանցքի 1 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքում տեղակայված թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահը, նշված օրը, քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղամասային կենտրոնում սկսել է ամփոփել քվեարկության արդյունքները և կողմնակից լինե լով Սահմանադրության փոփոխություններին, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, ծրարներից քվեաթերթիկները դուրս բերելուց հետո, օգտվելով հանձնաժողովի անդամների վստահությունից, դրանք սահմանված կարգով չի ցուցադրել վերջիններիս ու դիտավորությամբ ձայներն ակնհայտ սխալ հաշվելու եղանակով կեղծել է թիվ 15/18 տեղամասի քվեարկության արդյունքները:

 

 

Այնուհետև Ա. Սիմոնյանը կեղծված տվյալներով լրացրել է հիշյալ տեղամասում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ արձանագրության օրինակներն ու տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանը, որոնք ստորագրվել են նաև մոլորության մեջ գտնվող հանձնաժողովի մյուս անդամների կողմից: Ապա Ա. Սիմոնյանը արձանագրության 1 օրինակը տեղավորել է ընտրական փաստաթղթերի պարկում, մյուսը՝ փակցրել տեղամասային կենտրոնի պատին, իսկ երկու օրինակն ու գրանցամատյանը ներկայացրել է թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

 

 

Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար հանրաքվեի թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով: