Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շատ կարճ ընթացք ունեցավ գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանի, ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանի, դեկան Խաչիկ Ազիզյանի և մի դիմորդի հոր ու մոր՝ Արայիկ Ֆահրադյանի ու Արմինե Ենոքյանի գործի դատաքննությունը:
Սա այն հազվադեպ պատահող գործերից է, որով ամբաստանյալի աթոռին կողք կողքի նստած են կաշառք վերցնելու և կաշառք տալու համար մեղադրվողները:
Ըստ մեղադրանքի՝ 1940 թվականին ծնված Սվետլանա Գևորգյանը, աշխատելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ որպես ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ռեկտորի հրամանով ընդգրկվելով 2012-2013 թվականների ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի կազմում՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, 1953 թվականին ծնված Հայկ Փայասլյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով մի դիմորդի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ վերջինիս քննությունների արդյունքներն անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար, 2012 թվականի ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, 1948 թվականին ծնված Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ դիմորդի ծնողներից՝ Արմինե Ենոքյանից ու Արայիկ Ֆահրադյանից ընդունել են առանձնապես խոշոր չափերի՝ 3500 դոլար կաշառք ստանալու առաջարկը, իսկ 2012 թվականի մայիսին Ազիզյանի միջոցով Ենոքյանից ու Ֆահրադյանից ստացել են այդ կաշառքը:
Սվետլանա Գևորգյանը և Հայկ Փայասլյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Խաչիկ Ազիզյանը՝ քրեական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին մասով, 1967 թվականին ծնված Արայիկ Ֆահրադյանը և 1969 թվականին ծնված Արմինե Ենոքյանը՝ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այս ամբողջ խմբից կալանքի տակ է միայն դասախոսական եռյակի «ամենաերիտասարդ» ներկայացուցիչը՝ 59-ամյա վատառողջ Հայկ Փայասլյանը:
Այսօր դատարանի դռան մոտ հերթ էին կանգնել այս գործով դատարանի դահլիճ մտնելու և դատավարությանը ներկա լինելու ցանկություն ունեցողները: Ոչ բոլորը ներս մտան, որովհետև դահլիճն այդքան էլ տարողունակ չէր:
Տարողունակ չէին նաև ամբաստանյալների ու նրանց շահերի պաշտպանների համար նախատեսված սեղան-աթոռները, և որոշ ժամանակ նրանք չէին կողմնորոշվում՝ ինչպես նստեն, որ կարողանան աշխատել:
Ի վերջո, տեղավորվեցին, սակայն... աշխատել չհաջողվեց:
Ամբաստանյալ Սվետլանա Գևորգյանի շահերի պաշտպան Արտավազդ Այվազյանը ներկայացավ նիստի նշանակված ժամից մոտ երեսունհինգ րոպե ուշացումով, ինչի պատճառով նախագահողը արդեն հետաձգել էր դատական նիստը:
Հետաձգման մեկ ուրիշ պատճառ էլ կար: Մեղադրանքը պաշտպանող դատախազը նշանակվել էր այլ աշխատանքի: Վեց օր առաջ այս գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ էր նշանակվել Մանվել Գրիգորյանը, ով չէր հասցրել երեք հատորից բաղկացած քրեական գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալ և դատարանից ժամանակ խնդրեց բոլոր հատորներին լիարժեք ծանոթանալու համար:
Հինգ ամբաստանյալ, վեց պաշտպան, մեկ մեղադրող և մեկ նախագահող դատավոր՝ բոլորն էլ աշխատանքով խիստ ծանրաբեռնված մարդիկ. շատ դժվար եղավ բոլորին հարմար ազատ օր ու ժամ գտնելը և դատական նիստ նշանակելը:
Հայկ Փայասլյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրում էր հաշվի առնել իր պաշտպանյալի առողջական վիճակը, շատ չձգձգել դատավարությունը, որ մարդը կարողանա վիրահատվել. նա ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, և վիրահատական միջամտություն է անհրաժեշտ:
Նախորդ դատական նիստին Լուսինե Սահակյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Դատարանը մերժել էր միջնորդությունը:
Պաշտպանի կարծիքով՝ Հայկ Փայասլյանին կալանքի տակ վերցնելն ապօրինություն է:
Երկար քննարկումներից հետո հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 7-ին:
Նախագահողը հորդորեց կողմերին չուշանալ ու չբացակայել, որպեսզի դատարանը կարողանա արդյունավետ աշխատել:
Հիշեցնենք, որ այս ԲՈՒՀ-ի ռեկտորը ԲՀԿ կուսակցության անդամ Արամ Իսաբեկյանն է: