Սիրիայում հրադադարին հասնելու շանսերը քիչ են: Այս մասին Stern-ին տված հարցազրույցում հայտնել է Մերձավոր Արևելքի հացերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Դենիս Ռոսը: Լավագույն դեպքում խոսքը կարող է լինել միայն «այդ պատերազմում դադարի» մասին:

 

Ամերիկացի փորձագետի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը դեռ չի ապացուցել, որ նա «իսկապես շահագրգռված է Սիրիայում պատերազմի ավարտով»: Արդեն նախորդ ամիսներին հրադադարի մասին բանակցություններ էին ընթանում, սակայն ռուսական օդային հարվածները ընդդեմ սիրիացի ապստամբների, որոնք պայքարում են «Ասադի ռեժիմի» դեմ, շարունակվում են: «Խնդիրն այն է, որ Պուտինն է որոշում, թե ով է ահաբեկիչը, ով՝ ոչ», - ընդգծել է Ռոսը:

 

Վլադիմիր Պուտինն օգտագործում է պատերազմը, որպեսզի «փախստականների միջոցով Եվրոպայի վրա ճնշում գործադրի» և հասնի պատժամիջոցների թուլացմանը, համոզված է նա: Բացի այդ, Պուտինը ցանկանում է, որպեսզի Ռուսաստանը երկար ժամկետով առանցքային խաղացող դառնա Մերձավոր Արևելքում: Բացի այդ՝ աջակցելով Ասադին, Պուտինն ազդանշան է ուղարկում ողջ Մերձավոր Արևելքին՝ «Ի տարբերություն ամերիկացիների՝ ռուսներն օգնում են իրենց ընկերներին»:

 

Ռոսի խոսքով՝ այս հակամարտության մեջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ի սկզբանե «շատ զուսպ էր տրամադրված՝ սրտին չափազանց մոտ ընդունելով Իրաքում պատերազմի դասերը»: ԱՄՆ-ի զուսպ դիրքորոշման արդյունքը դարձել է «հումանիտար աղետը, հարյուր հազարավոր զոհեր, փախստականների հետ աննախադեպ ճգնաժամը, Եվրոպայի թուլացումը, Սիրիայի հարևան պետությունների ապակայունացումը և ԻՊ-ի ընդլայնումը»:

 

«Վլադիմիր Պուտինը զգուշորեն է գործում և ստուգում, թե որքան հեռու նա կարող է գնալ»,- գտնում է Ռոսը:- Ներկայումս Ռուսաստանի նախագահն ի վիճակի է շարունակել ահաբեկել Արևմուտքին, քանի որ նրան ոչ ոք չի դիմակայում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ էլ Սիրիայում: «Սիրիան խայտառակություն է մեզ բոլորիս համար, մութ բիծ՝ միջազգային հանրության խղճի վրա, և դա խայտառակություն է նաև Եվրոպայի համար»,- ամփոփել է ամերիկացի փորձագետը: