ԵՄ-ն ձգտում է քաղաքական երկխոսություն հաստատել Իրանի հետ եւ վերականգնել փոխշահավետ տնտեսական հարաբերությունները, ինչը դրական ազդեցություն կունենա Իրանի հարեւան երկրների իրադրության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

 

 

«Ես վստահ եմ, որ նորովի համագործակցությունն օգտակար կլինի ոչ միայն Իրանի եւ Եվրամիության քաղաքացիների համար, այլեւ դրա դրական հետեւանքները կզգացվեն ամբողջ տարածաշրջանում ու նախ եւ առաջ, իհարկե, Իրանի հարեւան երկրներում»,- ասել է նա:

 

 

Ավելի վաղ Մոգերինին հայտարարել է, որ մտադիր է Իրան այցելել այս տարվա գարնանը, սակայն առաջիկա այցի ամսաթիվն առայժմ որոշված չէ: Նա գործակալությանը հավաստել է, որ մտադիր է Իրան այցելել Եվրամիության այլ հանձնակատարների հետ, որպեսզի «քննարկի տարածաշրջանային համագործակցության եւ երկկողմ ձեւաչափով համագործակցության հարցերը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: