Թուրքիան շարունակում է դեպի անդունդը գլորվել, չնայած նրան, որ մի քանի տարի առաջ արտասահմանյան մամուլում վերնագրեր էին հայտնվում այն մասին, թե Թուրքիան «վերելք է ապրում», իսկ ԱՄՆ-ի ու Եվրամիության պետական գործիչներն ու փորձագետները թուրքական իշխանություններին բնութագրում էին որպես «ժամանակակից, ժողովրդավար, բարեփոխումների վրա կենտրոնացած, եվրոպամետ մուսուլմանների», գրում է Hurriyet Daily-ի մեկնաբան Բուրքան Բեքդիլը՝ Gatestone Institute վերլուծական կենտրոնի համար հոդվածում։

 

 

Նախկինում  Արևմուտքում կարծում էին, թե Թուրքիան՝ Մերձավոր Արևելքում կարող է օրինակելի պետություն դառնալ պակաս ժողովրդավարական երկրների համար: Այժմ, սակայն, պարզվել է, որ իրավիճակն այլ է: Հիմա թուրքերը ստիպված են բարձր գին վճարել իրենց առաջնորդների ռևիզիոնիստական հավակնությունների և սխալ ռազմավարական մտածողության պատճառով:

 

 

Խառնաշփոթ է տիրում Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Յոթ ամիսների ընթացքում ավելի քան 170 մարդ զոհ է գնացել երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, և դրանց թվում չեն այն հարյուրավոր մարդիկ, որոնք սպանվել են քրդերի ու թուրք ուժայինների բախումների ընթացքում։

 

 

«Իր սահմաններից ևս Թուրքիան լողում է քաոսի ծովում: Երկիրը գնալով ավելի վտանգավոր, անուղղակի պատերազմ է մղում շիաների, Դամասկոսի, Բաղդադի, Թեհրանի իշխանությունների դեմ, ինչպես նաև՝ Ռուսաստանի դեմ, որն աջակցում է նրանց: Բացի այդ, Թուրքիայի համար իր նեոկայսերական հավակնությունների շրջանակներում թշնամական պետություններ են համարվում Լիբանանը, Լիբիան, Իսրայելը և Եգիպտոսը», - ասված է հոդվածում:

 

 

Սիրիայի թատերաբեմում կան խաղացողներ, ներառյալ՝ Թուրքիան, որոնք «փորձում են փոքր կարկանդակից իրենց մեծ բաժինը ստանալ»։

 

 

Սյունակագրի կարծիքով՝ անհանգստացնող է այն փաստը, որ Ռուսաստանը, ում հետ Անկարան փչացրել է հարաբերությունները (նախորդ տարվա նոյեմբերի 24-ից- Խմբ.), կարող է Թուրքիային «շրջափակել» Սիրիայի, Ղրիմի, Ուկրաինայի ու Հայաստանի կողմերից։ Սիրիայում Ռուսաստանի զինուժի տեղակայման ֆոնին Թուրքիան «անօգնական» տեսք ունի։ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները չափազանց սառնություն ցուցաբերեցին Ռուսաստանի հետ կոնֆլիկտի ժամանակ, նշում է հեղինակը։

 

 

Որպեսզի Մերձավոր Արևելքում խաղաղություն տիրի, պետք է լուծել մի քանի հարց։ Այդ թվում պետք է հասկանալ՝ կգիտակցե՞ն արդյոք թուրք իսլամիստները, որ իրենց նեոկայսերական հավակնությունները համարժեք չեն իրենց ուժին ու տարածաշրջանում ունեցած ազդեցությանը։ Կկարողանա՞ն արդյոք սուննիները երբևէ զսպել կրոնական էքսպանսիայի իրենց ձգտումները։ Կկարողանա՞ն սուննիներն ինքնուրույն կանգնեցնել ծայրահեղականացումն առանց ոչ մուսուլման պետությունների միջամտության։ Հոդվածագրի համոզմամբ՝ այս բոլոր հարցերի պատասխանը բացասական է։