Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2015թ. փաստաթղթերի գնահատման նպատակով 2016թ. փետրվարի 29-ից մարտի 3-ը Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության պատվիրակությունը:

 

 

Այցի շրջանակներում' մարտի 2-ին, տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվել են ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի 2015թ. գնահատման նախնական արդյունքները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը նշել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր է, և ՆԱՏՕ-ի անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանին' Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցության համար: Երկուստեք նշվել է այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձել են իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին:

 

 

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակներին արձագանքման պլանավորման, «Գիտություն հանուն խաղաղության», Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է ընթանում նաև Զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության և բարեվարքության ամրապնդման ոլորտներում: