Մարտի 7-ին Եվրամիությունը Թուրքիայի հետ համաձայնեցրել է միգրացիոն ճգնաժամի լուծման հիմնական սկզբունքները: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան:
«Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթաժողովի ժամանակ պայմանավորվել են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ փախստականների ճգնաժամի համատեղ լուծման հիմնական սկզբունքների վերաբերյալ»,- գրել է Անդրեևան Twitter-ում:
Ավելի վաղ Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը հայտարարել է, որ Տուսկը մինչև ԵՄ հերթական գագաթաժողովը, որը նախանշված է մարտի 17-18-ը, թուրքական կողմի հետ կմշակի միգրացիոն պլանի մանրամասները:
Նրա խոսքով՝ կա պայմանավորվածություն՝ գործել 6 սկզբունքների հիման վրա: Ընդ որում՝ Լյուքսեմբուրգի վարչապետը չի մատնանշել այդ սկզբունքները:
Հիշեցնենք, որ երեկ թուրք վարչապետը ԵՄ գագաթաժողով էր բերել գործողությունների համատեղ պլանի նոր առաջարկներ, որոնք կոչված են կրճատել Թուրքիայից Եվրամիություն փախստականների հոսքը:
ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության Frontex գործակալության տվյալներով՝ 2015թ. ԵՄ է ժամանել 1,8 միլիոն ներգաղթյալ: