Վլադիմիր Պուտինը փաստացի խոստովանեց եվրասիական գաղափարի անկենսունակությունը: Հենց դա է վկայում ՖՍԲ-ին Պուտինի տված հանձնարարականը՝ պաշտպանել եվրասիական ինտեգրացիան: Եթե ինտեգրացիան պետք է պաշտպանվի հատուկ ծառայությունների միջոցով՝ որոնց գործունեության առանձնահատկություններն ու մեթոդները հայտնի են, ապա թերեւս կարելի է պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ինտեգրացիան:
Այսինքն, գաղափարի հեղինակները այնքան թույլ են փաստարկների առումով, որ նրանց վերջին փաստարկը մնացել է ուժը՝ ՖՍԲ-ն:
Խորհրդային գաղափարն էլ երկար ժամանակ պահպանվում եւ պաշտպանվում էր ուժով, այն ժամանակ՝ ԿԳԲ-ով: Սակայն այդ մեթոդը որեւէ հաջողության չբերեց: Տարիներ շարունակ եղան ռեպրեսիաներ, տասնյակ հազարավոր, գուցե հարյուր հազարավոր մարդիկ կորցրին իրենց երիտասարդությունը, տուժեցին ընտանիքներ, խեղվեցին ճակատագրեր, բայց Խորհրդային գաղափարը միեւնույն է տապալվեց եւ այդ գաղափարի վրա կառուցված պետությունն այլեւս չկա:
Որովհետեւ որեւէ գաղափար հնարավոր չէ պահել ուժով: Ուժով լուծվում են ընդամենը քաղաքական խնդիրներ կամ աշխարհաքաղաքական շահեր են բավարարվում: Դրա վկայությունն է նաեւ այն, որ անարդյունավետ են այս կամ այն երկրում ուժային միջոցներով ժողովրդավարություն հաստատելու փորձերը: Օրինակ Իրաք, Աֆղանստան: Զինուժն այդ երկրներում լուծում է ընդամենը քաղաքական կամ աշխարհաքաղաքական ներկայության հարց, իսկ ժողովրդավարական գաղափարները շարունակում են այդ երկրների հասարակությունների համար մնալ խորթ:
Եվրասիական գաղափարի պարագայում, փաստացի առաջարկվում է ոչ թե այն պահել, այլ ստեղծել ուժով: Այդ ամենն առավելագույնը կարող է հանգեցնել ռեպրեսիաների հերթական մի ժամանակաշրջանի, որոնք սակայն չեն կարող փրկել Եվրասիական գաղափարը:
Այն կամ պետք է գրավիչ լինի ինքնին՝ այն պետությունների համար, որոնց առաջարկվում է դա, կամ գաղափարն ուժով պահելու փորձերը վաղ թե ուշ դատապարտված են անհաջողության, ինչպես այդօրինակ այլ փորձերը անցյալում կամ ներկայում աշխարհի որեւէ հատվածում:
Ինտեգրացիան հաջողությամբ տեղի է ունենում այն դեպքում, երբ դրա մասնակից սուբյեկտներին առաջարկվում են փոխադարձաբար շահեկան, արժանապատիվ պայմաններ, որոնք եթե անգամ ենթադրում են ինքնիշխանության որեւէ սահմանափակում, ապա այսպես ասած համահավասարության սկզբունքով, ոչ թե ի նպաստ ինտեգրացիայի «հոր» կամ «կնքահոր», որի համար գաղափարն ընդամենը մյուս սուբյեկտների հանդեպ լրացուցիչ լծակներ ձեռք բերելու ինքնանպատակ միջոց է:
Մոսկվային արժե խորհել այդ մասին: ՖՍԲ-ով պաշտպանված կամ պարտադրված եվրասիական ինտեգրացիան տանելու է ոչ թե առաջ, այլ հետ, այսինքն ժամանակից էլ ավելի հետ է գցելու առանց այդ էլ հետ մնացած դրա սուբյեկտներին: Եթե վերջին փաստարկը մնացել է ՖՍԲ-ն, կամ բանը հասել է ուժային լծակներին, ապա միգուցե ավելի լավ է ժամանակի մեջ էլ ավելի հետ ընկնելու փոխարեն, պարզապես հրաժարվել եվրասիական անկենսունակ գաղափարից ու անցնել առաջ: