Ընտրություններից հետո 2-րդ տեղի համար պայքարող թեկնածուների վարկանիշը կտրուկ կընկնի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ռեսուրս չունեին այս ընտրություններում, իրենց ռեսուրսը մնացել է անցյալում և նրանք չէին կարող նոր կերպարով հանդես գալ: Նրա գնահատմամբ՝ դա բարդ ու համատարած խնդիր է:

«Րաֆֆի Հովհաննիսյանը դառնում է երկրորդ թեկնածուն, ուրեմն նա կարող է արդեն իրեն զգալ, որպես բավականին լուրջ քաղաքական ուժ, մասնակցել հանրային քաղաքականության մեջ՝ այս կամ այն կարծիքը հայտնելով, որովհետև իր ետևում ընտրազանգված կա: Այլ բան, եթե նոր ընտրություն լինի, նրա ընտրողների մի մասն, իհարկե, հիասթափված կլինի և իրեն ձայն չի տա: Դա միշտ եղել է: Մարդիկ ընտրում են, արդյունքում իրենց սպասելիքները չի իրականանում: Դա նույնն է, ինչ երբ բանկում փող դնես ու հույս ունենալով տոկոս ստանալու, այդ բանկը վարի տա»,- ասաց սոցիոլոգը, ապա հավելեց, որ մարդիկ սիրում են հաղթողներին: