Մարտի 30-ին Արթիկի թիվ 2 դպրոցում տեղի է ունենալու տնօրենի ընտրություններ առաջադրվել են երկու թեկնածուներ տնօրենի պաշտոնակատար ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գոռ Մովսիսյանը և կենսաբանության ուսուցչուհի Սուսաննա Մկրտչյանը: Վերջերս մամուլը անրադարձավ, որ Արթիկում երկու ավագ դպրոցների տնօրենները ֆիզկուլտուրայի ուսուցիչներ են և հերթը հասել է հանրակրթական դպրոցներին: Սակայն այս ընտրություններում հետաքրքրականն այն է, որ ընդամենը երեկ տնօրենի պաշտոնակատար Գոռ Մովսիսյանը օգտվելով իր պաշտոնական դիրքից հրավիրել է մանկավարժական խորհրդի նիստ և անօրինական ձևով ընտրություններից ընդամենը 12 օր առաջ փոփոխել դպրոցի խորհրդի անդամ ուսուցիչների կազմը, բաց չի թողել նաև ծնողական խորհրդի կազմը և այնտեղ ևս փոփոխություններ կատարել և սա այն դեպքում, երբ արդեն հստակ են թե ովքեր են թեկնածուները:

 

 

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ընդվզել է և նախազգուշացրել տնօրենի պաշտոնակատարին որ նման անօրինականության համար դասադուլներ կհայտարարեն: Հետաքրքիր է նաև, թե ինչ կանի Շիրակի նորանշանակ մարզպետ դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը տվյալ պարագայում նման անօրինականության դեպքում, եթե հաշվի առնենք որ խորհրդի կազմը հաստատում է մարզպետը:
Կատարվածի վերաբերյալ Times.am-ի թղթակիցը զրուցեց տնօրենի ընտրությունների թեկնածու Սուսաննա Մկրտչյանի հետ: Վերջինս հաստատեց, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը անօրինական կերպով հրավիրել է մանկավարժական խորհրդի նիստ և փոխել դպրոցի խորհրդի անդամ ուսուցիչների կազմը: Նիստում հաստատվել է նոր կազմը, որը եռօրյա ժամկետում պետք է հաստատվի նաև մարզպետի կողմից:

 

 

Տիկին Մկրտչյանը հղում կատարեց Հանրակրթության մասին օրենքի երրորդ գլխի տասնմեկերորդ հոդվածի չորրոդ մասին, որտեղ նշված է, որ մրցույթ հայատարարելու օրվանից մինչ ընտրությունների օրը իրավունք չկա խորհրդի որևէ անդամի լիազորությունները դադարեցնել, բացառությամբ խորհրդի կազմում սահմանված կարգի խախտումներով ընտրվելու դեպքի: Ուսուցչուհին հույս հայտնեց, որ նորանշանակ մարզպետը ուշադրություն կդարձնի այդ հանգամանքին և օբյեկտիվ մոտեցում կցուցաբերի:

 

 

Մեզ չհաջողվեց կապվել Գոռ Մովսիսյանի հետ, ուստի նրա պարզաբանումն ավելի ուշ կներկայացնենք: