Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ իրենք ստացել են քրեական գործի նյութերը, այս պահին ուսումնասիրության փուլում են: «Թղթային տարբերակը թողնվել է կալանավայրում, իսկ ինձ մոտ է էլեկտրոնային տարբերակը։ Այս պահին ուսումնասիրության փուլում է, դրանից հետո մեծ սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց պաշտպանը։ 

 

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ի էքստրասենս Անի Մաջնունյանի դին հայտնաբերվել էր Աջափնյակ վարչական շրջանում գտնվող իր բնակարանում։ Դիակի վրա արձանագրվել է դանակի 58 հարված՝ մարմնի տարբեր հատվածներում։ Ավելի ուշ՝ սպանության գործի շրջանակներում «Յանուս» թատրոնի ղեկավար Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Այս պահին նա կալանավորված է։ Մխիթարյանը, սակայն, մինչ այսօր չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է՝ Անի Մաջնունյանին սպանելու, ապա թալանելու պատճառ չի ունեցել։