Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի' Վաշինգտոն կատարելիք այցի նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճնշում գործադրել նրա նկատմամբ' ընդունելու Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Ռոյս-Էնգել առաջարկները: Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ԱՄՆ նախագահին ուղղված նամակը հեղինակել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և կոնգրեսական Բրեդ Շերմանը:
«Մենք ողջունում ենք խաղաղության պահպանման միջոցների նկատմամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի աջակցությունը և հուսով ենք, որ Ադրբեջանը ևս կվերացնի իր առարկությունները և հնարավորություն կստեղծի դրանց ժամանակին իրականացման համար: Այս ոգով էլ կոչ ենք անում Ձեզ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում աշխատանք տանել Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմնական կողմերի հետ' իրականություն դարձնելու Կոնգրեսի անդամների կողմից առաջարկված և Ձեր վարչակազմի կողմից աջակցություն ստացած խաղաղությանն ուղղված միջոցառումները»,- ասված է կոնգրեսականների նամակում:
Կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի առաջարկները բաղկացած են երեք կետից. առաջին' բոլոր կողմերի համաձայնություն շփման գծում չտեղակայել դիպուկահարներ, ծանր զինտեխնիկա, երկրորդ' ԵԱՀԿ-ի վերահսկողության տակ սահմանին տեղակայել հրաձգությունն արձանագրող համակարգեր, ձայնային դետեկտորներ, որոնք հնարավորություն կտան որոշել կրակի աղբյուրը, երրորդ' հրադադարն ավելի լավ վերահսկելու նպատակով տեղակայել առավել մեծ թվով ԵԱՀԿ դիտորդներ:
Օբամայի վարչակազմը ողջունել է նշված առաջարկները: