Արդեն տեղեկացրել ենք, որ անցած տարի Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով նախաքննության ընթացքի վերաբերյալ այսօր ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մի շարք ուշագրավ մանրամասներ ներկայացրեց: Ըստ Համբարձումյանի՝ հանցավոր խումբը տեղեկություններ է հավաքել առաջին, երկրորդ և երրորդ նախագաների վերաբերյալ, լուսանկարել նրանց աշխատանքի վայրերը, առանձնատները և այլն։
ԱԱԾ պաշտոնյայի խոսքով՝ իրենք պարզել են, թե այդ զենքերը խումբը որտեղից է ձեռք բերել, որ զենքի համար ինչքան գումար է վճարված եղել։ Լրագրողների հարցին, թե որտեղից է խումբը ձեռք բերել զենքերը՝ Հայաստանի՞ց, թե՞ դրսից, Համբարձումյանը պատասխանեց. «Զենքերը հիմնականում եղել են դեռևս արցախյան ազատամարտի տարիներից պահպանված, 90-ական թվականներին հափշտակված զենքեր են եղել»,- ասաց նա։
Հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը նույնիսկ տեսաուղերձ է պատրաստել, որ զինված հեղաշրջումից և հանրային հեռուստաընկերության գրավումից հետո պետք է եթերով ցուցադրեին: Համբարձումյանը ներկայացրեց, որ իրենք գտել են նաև անգլերենով և հայերենով պատրաստված ուղերձներ՝ ուղղված ՀՀ-ում գործող դեսպանատներին, որով պետք է ներկայացնեին իրենց կատարած քայլերը և Հայաստանում տիրող իրավիճակը։
ԱԱԾ քննչական վարչության պետի խոսքով՝ իրենք, երբ հայտնաբերել են զինված խմբին, վերջիններս արդեն ավարտական փուլում են եղել և վերջնական ծրագրել էին կատարվելիք գործողությունները։ Հարցին՝ ինչո՞ւ է ԱԱԾ-ն այդքան ուշ իմացել նման խմբավորման մասին, Համբարձումյանը պատասխանեց՝ հանցագործությունների բացահայտումն այնքան էլ հեշտ չէ:
Անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե զինված խումբը պատրաստվում էր նաև պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը՝ Համբարձումյանն ասաց. «Նման վարկած կար, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ նրանք փորձելու էին պայթեցնել ինքնաթիռը։ Սակայն խմբի կողմից նման որոշում կայացված չի եղել, դա ընդամենը եղել է քննարկումների շրջանակում»:
Նախաքննության այլ մանրամասների կարող եք ծանոթանալ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութերում։