Մինչ Լեռնային Ղարաբաղում Հայաստանն ու Ադրբեջանը ջանում են վերջնականապես պարզել միմյանց միջև հարաբերությունները,համաշխարհային ու տարածաշրջանային տերությունները, իրենց հերթին, փորձում են արագորեն կողմնորոշվել ու մշակել համապատասխան դիվանագիտական մարտավարություն ու պլաններ՝ Հարավային Կովկասում ստեղծված բարդագույն իրավիճակից սեփական դիվիդենտները քաղելու համար: Հիմա կփորձենք մի փոքր վերլուծել ստեղծված աշխարհաքաղաքական վիճակը՝ մեր ուշադրութունը կենտրոնացնելով որոշ գործոնների վրա: Նախ՝ վստահաբար կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության այսչափ թեժացման բուն պատճառը Արևմուտքում և Ռուսաստանում տիրող հակաէրդողանական տրամադրություններն են: Ակնհայտ է, որ աշխարհի գլխավոր ուժային կենտրոնները՝ Մոսկվան ու Վաշինգտոնը, միակարծիք են Էրդողանի հետագա ճակատագրի հարցումՆերկայումս Մերձավոր Արևելքում ոչինչ ԱՄՆ համար այնքան կարևոր չէ, որքան էրդողանական ռեժիմի ոչնչացումը, ինչը թույլ կտա Արևմուտքին թաղել քաղաքական իսլամը՝ մեկընդմիշտ կանխելով դրա՝ տարածաշրջանային որոշիչ գործոն դառնալու հեռանկարը. հայտնի է, որ ներկայումս հենց էրդողանական Թուրքիան է հանդիսանում համաշխարհային քաղաքական իսլամի գլխավոր կենտրոնն ու այն սնուցող հիմնական խողովակը, ինչը, հասկանալի պատճառներով, Վաշինգտոնը ոչ մի կերպ չի կարող հանդուրժել, քանի որ քաղաքական գաղափարախոսության վերածված մահմեդականությունը կարող է լրջագույն աշխարհաքաղաքական գործոն դառնալ ու հանդես գալ՝ հզոր մրցակից՝ համաշխարհային լիբերալիզմին՝ զրկելով Վաշինգտոնին իր ունեցած կարևորագույն գաղափարական գործիքներից մեկից:



Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է ընդգծենք, որ այս երկրի՝ տարածաշրջանում ունեցածաշխարհաքաղաքական շահերը շատ ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Մոսկվայի հակաթուրքական քաղաքականության հիմքում ընկած միգուցե ոչ այնքան հայտնի, բայց ակնհայտ դրդապատճառներից մեկը, անշուշտ, թաքնված է, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ՌԴ բուռն ցանկությամբ՝ պահելու ասիական հսկային՝ Չինաստանին սեփական վերահսկողության տակ՝ թույլ չտալով վերջինիս ապագայում հայտնվել ԱՄՆ ազդեցության գոտում. Թուրքիան այս հարցում Չինաստանի համար ծառայելու էր որպես ինքնատիպ պատուհան՝ դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք:Այսպիսով՝ եթե հայ-ադրբեջանական նոր պատերազմում Անկարան բացահայտորեն ու գործնականում ցուցաբերի աջակցություն Բաքվին, ապա Ռուսաստանը փայլուն հնարավորություն է ստանում ՀԱՊԿ շրջանակներում օգնություն ցուցաբերել իր տարածաշրջանային ռազմական դաշնակից Հայաստանին՝ ընդդեմ Թուրքիայի՝ տալով Մոսկվային հնարավորություն ծվեն-ծվեն անել թուրքերին. ռուս-թուրքական բախումը դառնում է անխուսափելի, բախում, որը, սակայն, մղվելու է հայկական հողի վրա: Իհարկե, Թուրքիան կարող է և խուսափել իր վերահաս կործանումից, եթե ասենք որոշի չաջակցել փոքր եղբորը, բայց այս պարագայում արդեն խնդիր է առաջանալու Էրդողանի համար հենց երկրի ներսում, իսկ ադրբեջանցիներն էլ նրան երբեք չեն ների. Էրդողանն այլ ելք չունի, քան միջամտել հակամարտությանը:



Տարածաշրջանի մյուս խաղացողը, որի մասին սովորաբար նման դեպքերում շատ չեն խոսում, Իրանն է, երկիր, որ պատված է Արևելքին բնորոշ խորհրդավորությամբ: Նախ՝ պետք է ասենք, որ այս երկրի՝ Հայաստանի համար ունեցած բառացիորեն կենսական նշանակությունը թերագնահատել որևէ կերպ չի կարելի. ըստ էության՝ վերջին 25 տարիների հայկական պետության գորության հիմնական աշխարհաքաղաքական երաշխավորներից մեկը հենց Իրանն է հանդես գալիս: Ակնհայտ է, որ այս պատերազմում, եթե նույնիսկ ոչ բացահայտորեն, բայց գոնե ծպտված կերպով Թեհրանը աջակցելու է Հայաստանին, քանի որ Ադրբեջանի հզորացումը որևէ կերպ չի կարող բխել Թեհրանի շահերից. գլխավորապես ադրբեջանաբնակ Հյուսիսային Ատրպատականի խնդիրը Իրանի համար դեռևս մնում է առկախված:

 


Իհարկե, կարծել, թե ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքականության ասպեկտները սահմանափակվում են ընդամենը վերը նշվածով, պարզամտություն կլիներ, բայց այն, որ ստեղծված իրավիճակում աղետալի է հատկապես Էրդողանի վիճակը, ակնհայտ է. թե՛ չեզոքություն պահպանելու, թե՛ բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրելու պարագայում՝ Թուրքիային փրկվել չի հաջողվի. նրա դատավճիռը հզորներն արդեն իսկ կայացրել են:



Դավիթ Բաբանով