Ադրբեջանական AG Telecom կաբելային հեռուստաալիքը (առեւտրային նշանը' KaTV1), որը զբաղվում է Ադրբեջանում հեռարձակվող արտասահմանյան հեռուստաալիքների գրաքննությամբ, հնարավոր է' դադարեցնի բոլոր, այդ թվում' ռուսաստանյան այն հեռուստաալիքների հեռարձակումներն այդ երկրում, որոնք առաջնագծում ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքների մասին ճմարիտ տեղեկատվություն են հաղորդում:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, KaTV ընկերությունը report.az-ին հայտնել է, որ իրենք հետեւում են արտասահմանյան հեռուստաալիքներին, եւ եթե նրանք Ադրբեջանի տեսակետը չարտահայտող հաղորդումներ հեռարձակեն, ապա իրենք անմիջապես կդադարեցնեն այդ հեռուստաալիքների հեռարձակումը Ադրբեջանի տարածքում:

 

 

Ընկերությունը հայտնել է, որ առաջին հերթին իրենք կփակեն ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումները, որոնք ռեպորտաժներ են հաղորդում ԼՂՀ-ի հետ առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնցում ադրբեջանական տեսակետին «հակասող» պնդումներ կան Ադրբեջանի «տարածքային ամբողջականության, պատմության եւ այլ արժեքների» նկատմամբ:

 

 

«Եթե որեւէ հեռուստաալիք Ադրբեջանի դեմ տեղեկատվություն տարածի, մեր ընկերությունը կդադարեցնի այդ ընկերության հեռարձակումները եւ նրան կփոխարինի մեկ ուրիշով: Այդ դեպքերը մենք համաձայնեցնում ենք Ադրբեջանի ազգային հեռուստառադիոյի խորհրդի հետ», -հայտնել է KaTV ընկերությունը:

 

 

Նշենք, որ ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներն ու ռադիոկայանները ապրիլի 2-ից երեք օրով սուգ են հայտարարել եւ դադարեցրել են բոլոր տեսակի երաժշտական եւ զվարճանքի հաղորդումների հեռարձակումները' կապված առաջնագծում ադրբեջանական ռազմական սադրանքին ԼՂՀ-ի տված հակահարվածների արդյունքում ադրբեջանական կողմի հարյուրավոր ռազմական կորուստերի հետ:

 

 

Բացի այդ, Ադրբեջանի մամուլի խորհուրդը հանդես եկել հայտարարությամբ, որ ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ները առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին պետք է լուրեր տարածեն միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունների հիման վրա:

 

 

 

Դա արվել է այն պատճառով, որպեսզի ադրբեջանական ժողովրդից թաքցվի առաջնագծում Ադրբեջանի իրական սադրանքները եւ դրա հետեւանքով կրած կորուստները:

 

 

Բացի այդ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է, որ իր տխրահռչակ «սեւ ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին:

 

 

Արտասահմանյան լրագրողներին այդ «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին այսօր ադրբեջանական modern.az կայքին հայտնել է հերթական անգամ հիսթերիայի մեջ հայտնված Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

 

 

«Երեկ Լեռնային Ղարաբաղում նկարահանումներ է կատարել ռուսաստանյան ORT հեռուստաալիքի նկարահանող խումբը: Այնտեղ մեկնած բոլոր արտասահմանյան լրագրողների անունները պարզվում են: Նրանք բոլորը կմտցվեն «անցանկալի անձանց» ցուցակի մեջ», -ասել է Հաջիեւը:

 

 

Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհություն է հայտնել, որ արտասահմանյան լրագրողները Լեռնային Ղարաբաղ են մեկնել «առանց Բաքվի թույլատրության», եւ շարունակում են ադրբեջանական կեղծ եւ խեղաթյուրված տեղեկատվությունը հերքող ու ադրբեջանական ագրեսիան բացահայտող ճշմարիտ ռեպորտաժներ հաղորդել ռազմական բախումների վայրերից: