The New York Times-ի լրագրողները հայտնել են, որ ահաբեկիչները զենք են գնում «Facebook» սոցիալական ցանցի միջոցով:
«Այստեղ կարելի է ցանկացած սպառազինություն գտնել՝ ատրճանակից և նռնակից մինչև ծանր գնդացիր և կառավարվող հրթիռներ»,- նշված է հոդվածում:
Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Մերձավոր Արևելքի երկրներին մատակարարվող զենքի մասին է:
Պարբերականի լրագրողները սոցցանցին են տրամադրել սեփական հետաքննության տվյալներն ու Armament Research Services (ARES) հետազոտական ծառայության զեկույցը, ինչից հետո ընկերությունն այդպիսի վեց խանութ էր փակել:
Զենքի վաճառքի շատ գործարքներ կնքվում են, երբ սոցիալական ցանցի օգտատերերը փակ խմբերում զենքի լուսանկարներ են տեղադրում: ARES-ի զեկույցում նշվում է «Facebook»-ում լիբիական խմբերի միջոցով զենքի վաճառքի ապօրինի գործարքների մասին՝ սկսած 2014 թվականի սեպտեմբերից: