Հայաստանի եզդիական համայնքը հայ ժողովրդի կողքին է և պատրաստ է մարտնչելու մինչև վերջ:

 

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում նշեցին Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները: Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ պատմության բոլոր դժվարին պահերին եզդիները հայ ժողովրդի հետ միասին պայքարել են:

 

«Այսօր բազմաթիվ եզդիներ առաջնագծում են: Եզդիական համայնքում քննարկում եղավ, բազմաթիվ կամավորներ գրանցվեցին և ցանկություն հայտնեցին մեկնել ճակատ: Պաշտպանության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ անհրաժեշտության դեպքում կդիմեն եզդիական համայնքին: Մենք հպարտ ենք, որ մեր հայ եղբայրների հետ պայքարում ենք թշնամու դեմ»,- ասաց Ազիզ Թամոյանը:

 

Եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը, ներկայում իր ընտանիքի մյուս անդամների՝ Ասո Հասանյանի, Համիկ, Յուրա Բաքոյանների հետ կռվել է Լեռնային Ղարաբաղում: Նա ականատեսի աչքերով ներկայացրեց ադրբեջանցիների դեմ մարտնչող մեր զինվորների հերոսությունը:

 

«Մենք հաղթած բանակ ունենք: Մենք հաղթել ենք ու դեռ հաղթելու ենք: Մեր տղաները հերոս են: Մենք մինչև հասանք առաջնագիծ, տեսանք, թե ինչպես են մեր 18 տարեկան տղաները ոչնչացրել ադրբեջանցիներին: Թշնամիները այ դա թող տեսնեն, իսկ նրանք իրենց սպային թողել են ռազմի դաշտում ու փախել: Մենք հզոր բանակ ունենք, որի դեմն առնել չի լինի: Թող ոչ ոք չկասկածի' Ադրբեջանն իր նպատակին չի հասնելու, մենք տեր ենք մեր յուրաքանչյուր թիզ հողին: Այնտեղ արյուն է թափվել, արյան գնով ենք այն ձեռք բերել և չենք տալու ոչ ոքի»,-ասաց Բրո Հասանյանը: Ի դեպ, մամուլի ասուլիսի ընթացքում ճակատից զանգահարեց նրա եղբայր Ասո Հասանյանը, ով տեղեկացրեց, որ իրավիճակը հանգիստ է: Նա առաջանգծից զինվորների ողջույնները փոխանցեց:

 

Համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանը նշեց, որ ադրբեջանի զինուժի գործողությունները բարբարոսություն են: «Հայտնի է, որ «Գորշ գայլերի» և «Իսլամական պետության» զինյալները կռվում են ադրբեջանցիների հետ: Այն, ինչ կատարվում է, ռազմական հանցագործություն է, միջազգային բոլոր իրավունքների կոպիտ խախտում: Ինչպե՞ս կարելի է գերի զինվորի գլուխը կտրել կամ ծերունիներին սպանել և խոշտանգել»,- ասաց Սիաբանդ Բաքոյանը: Նրա խոսքով, միջազգային հանրությունն իրավունք չունի աչք փակել այս ամենի վրա:

 

Հայաստանի եզդիական համայնքը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ և զսպել նրան: