Չնայած Ադրբեջանի պաշտոնական շրջանակները շարունակում են գաղտնի պահել ապրիլի 1-5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ագրեսիայի հետեւանքով սպանված սեփական զինծառայողների ամբողջական ստույգ թիվը, սակայն, ադրբեջանական աղբյուրները սեփական հետազոտության արդյունքում հայտնում են պաշտոնապես հայտարարված թիվը մոտ երեք անգամ գերազանցող տվյալներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է 31 զինծառայողի կորստի մասին (Mod.gov.az - ապրիլի 2-ին ' 12, ապրիլի 3-ին' 3, ապրիլի 4-ին եւ 5-ին' 16)' հանրությանը չներկայացնելով այդ անձանց ցուցակը, ինչը խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելին են:

 

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ նշել է, որ եթե զոհերի մասին իր հայտնած թվերից տարբերվող թվեր հայտնողներ լինեն, ապա «դա նրանց անձնական գործն է»:

 

Այդուհանդերձ, ադրբեջանական ինտերնետային Meydan TV լրատվական կայքը, շարունակելով ի մի բերել ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակաշրջանում սոցալական ցանցերում տարածված տեղեկությունները, հրապարակել է ապրիլի 8-ի օրվա վերջի դրությամբ ադրբեջանական կողմի ընդհանուր կորուստը' նշելով բոլոր սպանվածների անունները եւ նրանց հողին հանձնվելու վայրերը:

 

Ըստ Meydan TV-ի հրապարակման' Ադրբեջանի զինված ուժերի ապրիլի 1-7-ն ընդհանուր կորուստը կազմել է 81 զինծառայող, 6 անհայտ կորած զինծառայող, 6 քաղաքացիական անձ:

 

Մեկ հետաքրքիր պահ եւս. Ադրբեջանի առաջին տիկին, «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիեւան ապրիլի 7-ին Բաքվի «Հեյդար» մզկիթում ապրիլի 1-5-ը սպանված զինծառայողների հիշատակին հոգեհաց է կազմակերպել: Արարողությանը հրավիրվել են սպանված զինծառայողների մայրերը: Դատելով այդ արարողությունից Ադրբեջանի պաշտոնական azertag.az լրատվական կայքի հրապարակած լուսանկարներում արարողությանը մասնակցած զոհված ադրբեջացի զինծառայողների մայրերի թվից, պարզ է դառնում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիային հայկական կողմի հակահարվածների արդյունքում ադրբեջանական կողմի կորուստն անցնում է մի քանի հարյուրը:

 

ԼՂՀ ՊԲ տվյալներով' ապրիլի 1-5-ը ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 8 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր: