Ղարաբաղյան հակամարտությունը ու նրա ազդեցությունը Վրաստանի վրա անցած շաբաթ եղել են վրացական մամուլի ուշադրության կենտրոնում: «Ընդհանուր թերթում» (13.04) Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Աթխարիձեն ընդգծել է, որ իշխանությունները չպետք է «եվրաատլանտյան քաղաքականությունը» երկրի շահերից վեր դասեն:

 

Պետք է վերանայել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրերը ու նրանց հետ համագործակցել միայն պրագմատիկ հողի վրա՝ Վրաստանի համար շահեկան հարցերում: Նրա կարծիքով՝ պետք է հրաժարվել ծովային, ցամաքային, օդային ռազմական միջանցքների տրամադրման պարտավորությունից՝ Ռուսաստանի ու նրա դաշնակիցների հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ չմտնելու համար, այլապես անպայման կհաջորդի ռուսական ինտերվենցիան:

 

Ղարաբաղն արթնացած հրաբուխ է, որն «արթնացրեց» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ կարծում է փորձագետը: Սիրիայում պարտության դիմաց Թուրքիային պետք էր տարածաշրջանային պատերազմ՝ փոխադարձելու Ռուսաստանին: Համապատասխանաբար՝ Ղարաբաղում կրակի դադարեցումը Ռուսաստանի ու անձամբ նախագահ Պուտինի շնորհիվ ձեռք բերվեց:

 

«Վրաստանը և աշխարհը» (13-19.04) նախազգուշացնում է Կովկասում ծավալվող իրադարձությունների հապճեպ գնահատականներից: Պարզունակ մոտեցման շրջանակներում տարածաշրջանի փոքր երկրների ղեկավարները ներկայացվում են հզոր պետությունների ղեկավարների քաղաքականությունը փոխանցողներ, հնազանդ խաղատիկնիկներ՝ զրկված սեփական կամքից: «Ալիևն ընկալվում է իբրև Էրդողանի խաղատիկնիկ, Էրդողանը՝ Օբամայի: Սարգսյանը՝ Պուտինի»:

 

Ակնհայտ է որ տարածաշրջանային քաղաքականությունը իբրև «տիկնիկների թատրոն» ներկայացնելը քննադատության չի դիմանում: Բայց մյուս տեսակետը հանգեցնում է հակառակ ծայրահեղության: Իբրև քաղաքականության գլխավոր շարժիչ դիտարկվում է տեղական ղեկավարների՝ իրենց մարտավարական խնդիրները լուծելու ցանկությունը: Նույն Էրդողանն ու Օբաման ներկայանում են իբրև Ալիևի «քաղաքական պատանդներ», իսկ Պուտինը՝ Սարգսյանի:

 

Ցավոք, առավել հավասարակշռված տեսակետը, որ թույլ կտար գործընթացները դիտարկել թե մեծ, թե փոքր խաղացողների շահերի համընկնումի կամ հակադրության առումով, Վրաստանում չի ընկալվում: Պատճառը լայն տարածված կոգնիտիվ ձևաշեղումներն են, որ մղում են աշխարհի պատկերի առավելագույնս պարզունակեցման: Ադրբեջանի նախագահ Ալիևը լավ հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի բանալիները Վաշինգտոնում չեն, Բրյուսելում չեն, ոչ էլ եղբայրական Անկարայում՝ արձանագրում է «Շաբաթվա համայնապատկերը» (14.04):

 

Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը կախված է ոչ էլ «վիրտուալ» ԵԱՀԿ Մինսկի խմբից, այլ ընդամենը Մոսկվայի կամքից: Հենց այդ պատճառով, տեսնելով 2008-ի օգոստոսյան պատերազմի արդյունքները, Ադրբեջանն արագ սկսեց Կրեմլի հետ հարաբերությունները բարելավել, այդ թվում՝ զենք գնելով: Հիմա Մոսկվան հարկադրված է մտածել՝ ի՞նչն է «ավելի շահավետ ղարաբաղյան հարցում՝ աջակցել իր ձեռքին նայող, աղքատ Հայաստանին կամ ամրապնդել բարեկամությունն Ադրբեջանի հետ, որ արդեն չի նայում Հյուսիսատլատյան դաշինքի կողմը և մեծ հաճույքով գնում է ռուսական զենքը»: Փոխարենը Բաքուն «ընդամենը» խնդրում է, որ Ռուսաստանը «չխանգարի վերադարձնել Լեռնային Ղարաբաղը և ադրբեջանական օկուպացված շրջանները»:

 

Վրացիների մեկ քառորդը երկրի անվտանգության ապահովումը կապում է ՆԱՏՕ-ի հետ՝ հաղորդում է «24 ժամը» (11.04)՝ հղում անելով NDI-ի հարցման արդյունքներին: ԵՄ-ի և ՌԴ-ի օգտին ձայն են տվել 13-ական տոկոսը, ԱՄՆ-ին՝ 10 %-ը: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանն աջակցում է 69 %-ը, մերժում՝ 19 %-ը: Պետք չէ զարմանալ, որ հարցվածների համարյա կեսը Ռուսաստանն է համարում ամենամեծ վտանգը: Համարյա նույնքանը վտանգ է զգում ԻՊ-ից: 77 %-ը աջակցում է Վրաստանի եվրաինտեգրմանը, 20 %-ը ցանկանում է միանալ ԵՏՄ-ին: «Ռեզոնանսի» կարծիքով (16.04)' ՆԱՏՕ-ի վարշավյան սամմիթում հուլիսին Վրաստանին ու Ադրբեջանին կառաջարկվի նոր ձևաչափ՝ «ասոցացված գործընկերություն»՝ իբրև Սևծովյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնում: Դա ենթադրում է ՆԱՏՕ-ի նավատորմի ստեղծում՝ տարածաշրջանային ուժերի մասնակցությամբ: «Բալթիկ ծովի տարածաշրջանում մենք ակտիվորեն համագործակցում ենք Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ 28+2 ձևաչափով,- մեջբերում է թերթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի խոսքերը:- Նման մոտեցում ենք ակնկալում նաև Սև ծովում»: Ռումինիան արդեն առաջարկել է Սև ծովում ՆԱՏՕ-ի նավատորմ ստեղծել, նախագիծը սկսվել է փետրվարին, իսկ սամմիթում կընդունվի քաղաքական որոշում: