ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական, բայց արդեն իր վերջին նախագահական ելույթով է հանդես եկել Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ, ուր, մասնավորապես ասել է. «Այսօր մենք կրկին հիշում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ է սպանվել, տեղահանվել ու իրենց մահն է գտել: Ես հետևողականորեն հայտնել եմ անձնական տեսակետս 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ և այն չի փոփոխվել: Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր ձգտում են լույս սփռել անցյալի իրադարձությունների վրա՝ հայ ու թուրք պատմաբաններից մինչև Հռոմի պապ Ֆրանսիսկոսին»: Իր խոսքում նախագահը նաև ընդգծել է հայ համայնքի դերը միջազգային հանրության զարգացման գործում ու ընդգծել, որ Հայաստանը 17 հազար փախստական է ընդունել Սիրիայից:
Այսպիսով՝ ցավով պետք է ֆիքսենք, որ Օբաման, չնայած ամերիկահայերին նախկինում տված խոստմանը, այդպես էլ այս երկարուձիգ տարիների ընթացքում չարտասանեց «ցեղասպանություն»բառը՝ դրանով, ըստ էության, դրժելով սեփական խոստումն ու, ինչու չէ, նաև պարտավորվածությունը. Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ պես երկրի համար, վստահաբար, կարելի է համարել ավելի շուտ բարոյական, քան քաղաքական հարց՝ չնայած բոլորին է հասկանալի, որ այդ մասշտաբի խնդրին առնչվող որևէ բան չի կարող չառնչվել նաև մեծ քաղաքականությանը:
Չնայած դրան, սակայն, հաստատապես կարող ենք պնդել, որ Օբամայի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հատկապես ԱՄՆ-ում լուրջ առաջընթաց ունեցավ. պետք չէ մոռանալ, որ հենց նա է իր լեքսիկոնի մեջ հիմնավորապես մտցրել «Մեծ եղեռն»-ը, որը թեպետ իրավական գնահատական չէ տեղի ունեցածին, բայց, այնուամենայնիվ, հստակ նշանն է այն բանի, որ ամերիկացիները հասկանում ու կիսում են մեր ցավը՝ չնայած մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով չեն կարողանում բարձրագույն մակարդակով պատշաճ իրավական որակում տալ տեղի ունեցածին: Բայց եթե փորձենք այս խնդրին մի փոքր ավելի սթափ նայել ու չտրվել հուզականությանը, ինչը, ցավոք, բնորոշ է հայերիս, ապա պետք է ասենք, որ իրականումԱՄՆ-ն, ըստ էության, Ցեղասպանությունը ճանաչել է. հաշված նահանգներ են մնացել, որ դեռևս չեն անդրադարձել այս խնդրին ու չեն ճանաչել Մեծ եղեռնը որպես մարդկության դեմ իրագործած ցեղասպանություն: Իսկ Օբամայի կողմից համապատասխան եզրույթի չօգտագործումը, բնականաբար, կապված է ԱՄՆ-ի արտաքին աշխարհում ունեցած խնդիրների ու կենսական շահերի հետ, որոնց սպասարկման համար Վաշինգտոնը էապես կարևորում է Թուրքիայի դերը. Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս խայտառակ պայմաններում գնալ Ցեղասպանության ճանաչմանը, կնշանակի ձախողել Արևմուտքի ողջ առաքելությունն այս տարածաշրջանում. Թուրքիայի ռամավարական նշանակությունն ԱՄՆ-ի համար ուղղակի անհերքելի է:
Բայց նույնիսկ եթե Օբաման արտասաներ Ցեղասպանույուն բառը, ի՞նչ կարող էր դա տալ մեզ ներկա պայմաններում. բացարձակապես ոչինչ, քանի որ ենթադրել, թե մեկ բառը կարող է մեզ հայրենիք վերադարձնել, միամտություն է: Նորություն չէ, որ նման հավակնություններ ունենալու և դրանք կյանքի կոչելու համար ցանկացած մեկը պետք է այնքան հզոր լինի, որ դառնա գործոն միջազգային հարաբերություններում ու ստիպի հակառակորդին՝ գնալու համապատասխան զիջումների. ուժն է ծնում իրավունք, բայց ոչ երբեք հակառակը. սա աքսիոմա է:
Վստահաբար կարելի է ասել մեկ բան՝ համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումը՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ, իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ այլևս գերտերություններին պետք կլինի քայքայել Թուրքիան, իսկ այն, որ նման պլաններ կան, հայտնի է վաղուց: Ուրեմն՝ մեզ մնում է միայն զինվել համբերությամբ, միշտ արդիական պահել Ցեղասպանության թեման ու երբ գա հարմար պահը հաշիվ պահանջել տաճիկներից. ասում են՝ այդ ժամանակը հեռու չէ…
Դավիթ Բաբանով