Կառավարության շենքի դիմաց են հավաքվել «Նորաշեն 2007» ընկերությունից տուժած՝ Երևանի Գևորգ Չաուշի 14/3 շենքի բնակիչները, ովքեր պահանջում են իրենց բնակարանները: Այս գործով շոշափվում է հատկապես ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի անունը. բնակարաններ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժածները պետք է ստանային նաև Հերմինե Նաղդալյանից ու նրա ամուսնուց՝ Արտաշատի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանից:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ բնակիչներն իրենց ձեռքին ունեն Հերմինե Նաղդալյանի ծաղրանկարը, ինչպես նաև «Մարդ կա հազիվ է օթևան ճարում, մարդ կա շենքեր է շալակած տանում, գողերի հետքը տուն է տանում, դե արի դիվան ուզի սրանից» գրությամբ պաստառ: Դա զայրացրել է Նաղդալյանի ամուսնուն՝ Դավիթ Բեգլարյանին: Վերջինս քիչ առաջ եղել է կառավարության շենքի մոտ, քաշքշել է հավաքվածներին և հորդորել հեռանալ, որովհետև, ըստ նրա, իրենք ունեն որոշակի պայմանավորվածություն: