ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կողմից շորթման դեպքի նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. աշնանը Ա. Գալստյանը («Վանոյի Արտակը») «analitik.am» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում է կատարել:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Գալստյանը դրդել է Անի Հ.-ի ազգականին, իր միջոցով, առանձնապես խոշոր չափի կաշառք տալ պաշտոնատար անձին' Անի Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու համար:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ Վարդիթեր Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:
Նախաքննությունը շարունակվում է: