Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ծիծաղելի և մարազմատիկ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, իբր, ոչ միայն Արցախը, այլ Սյունիքից մինչև Երևան Ադրբեջանի պատմական տարածքներ են: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նշեց, որ Ալիևը մեկ նախադասությամբ սխալ է հանում ողջ համաշխարհային պատմության մեծագույն դեմքերին:

 

 

«Ծիծաղելի է այդ ամենը, գրագետ մարդիկ գիտեն իրականությունը: Ստրաբոն, Դիո Կասիուս, Պտղոմեոս, Բրիտանական հանրագիտարան, խորհրդային պատմություն, ռուսական պատմագիտություն, եվրոպական պատմագիտություն թող բացեն նայեն: Ինչի՞ մասին է խոքը: Ինքն իրեն դնում է ծիծաղելի վիճակի մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

 

Նրա խոսքով՝ այնպես չէ, որ կարիք կա արձագանքելու ամեն տգիտության և մարազմի: «Ես էլ չէի անդրադառնա դրան, եթե Ալիևը չլիներ պետության նախագահ: Ի վերջո, չի կարելի վիրավորել պատմաբաններին, որովհետև պատմությունը շատ դաժան է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այն կեղծում են, իսկ Ալիևն այն կեղծում է դաժանաբար»,- եզրափակեց Շարմազանովը: