Հայկական աստղագիտական ընկերությունը և Տուրիզմի հայկական ինստիտուտի գիտական տուրիզմի ամբիոնն այսօր կազմակերպել էին հերթական ճանաչողական այցելությունը։ Այս անգամ այցելելություն կատարվեց Երևանում, ավելի որոշակի' Ավանում գտնվող «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ:

 

Հայկական աստղագիտական ընկերության և հիշյալ ամբիոնի նախաձեռնությամբ իրականացվող ճանաչողական այցելությունների շարքի նպատակն է մեր երկրում զբոսաշրջության ոլորտի կազմակերպիչներին ծանոթացնել Հայաստանի գիտական տուրիզմին առնչվող վայրերին՝ հետագայում այս ոլորտը զարգացնելու տեսլականով։

 

«ՔԵՆԴԼ» նախագիծն իրենից ներկայացնում է կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, նյութագիտության և շրջակա միջավայրի մասին գիտություններում հիմնարար, արդյունաբերական և կիրառական ուսումնասիրությունների համար կիրառվող երրորդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուրի և դրանից օգտվող, հետազոտական ու կիրառական նշանակություն ունեցող մի շարք գիտական կայանների ստեղծում:

 

Այցելություն կատարվեց նաև նույն ինստիտուտում գտնվող «ԴԵԼՏԱ» լաբորատորիա, որտեղ ներկաները ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Ցականովի, այլ մասնագետների և գիտաշխատողների բացատրություններով ծանոթանան «ԴԵԼՏԱ» լաբորատորիայի' լազերով ղեկավարվող միկրոմշակման և մանրադիտակի կայաններին, ինչպես նաև լազերով ղեկավարվող նոր տիպի «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցչին ու նրա հնարավորություններին: Առաջիկայում կներկայացնենք այս այցելության հետ կապված այլ մանրամասներ: