Այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր դեմ են արտահայտվում համայնքների խոշորացման ծրագրին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նախարարի հետ հանդիպումից հետո Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանն ասաց, որ թեպետ նախարարը եկել, քննարկումներ է անցկացրել, ներկայացրել է համայնքների խոշորացման դրական կողմերը, սակայն առայժմ անորոշ վիճակ է.

 

«Գյուղացիները դեմ են արտահայտվում խոշորացման ծրագրին, 7 համայնքի գյուղացիներ երեկ բողոքի ակցիա իրականացրին Նոյեմբերյանի քաղաքապետարանի մոտ, նրանք անգամ փակեցին Նոյեմբերյան-Երևան ավտոճանապարհը: Նախարարի հետ հանդիպումից հետո գյուղացիները չեն փոխել իրենց տեսակետը»,- ասաց գյուղապետը:

 

Նրա խոսքով` դժվար է համայնքների խոշորացման ծրագրի իրականացումը, քանի որ գյուղացիները դժկամությամբ են ընդունել այն, որովհետև համայնքներում եղած խնդիրներին այդ կերպ լուծում չի տրվում, այլ միայն խոշորացման հետ զուգահեռ խնդիրներն են խոշորանում:

 

Երվանդ Եգանյանը նկատում է նաև, որ ոչ միայն խնդիրներ կան կառավարման սկզբունքների մեջ` ավագանու ընտրություն, համայնքի ղեկավարի նշանակում, այլ նաև խնդիրը տարբեր ավանդույթներ ունեցող համայնքների համակեցությունն է, նրանք դեմ են միասին նույն համայնքում ապրել:

 

Մեր այն հարցին, թե ի՞նչ են նախատեսում անել գյուղացիները, գյուղապետը տեղեկացրեց, որ նրանք արդեն ստորագրահավաք են կազմակերպում`Սերժ Սարգսյանին դիմելու համար, իչպես նաև հրավիրել են ՄԻՊ Արման Թաթոյանի ուշադրությունը` պարզելու, թե խոշորացման ծրագիրն արդյոք չի՞ խախտում Սահմանադրության պահանջները:

 

Երվանդ Եգանյանը նշեց նաև, որ համայնքների բնակիչները խնդրին բավականին լուրջ են տրամադրված և իրենց պահանջը չկատարելու դեպքում կդիմեն ամենակտրուկ քայլերի:

 

Մեր այն հարցին, թե կարծիք կա, որ բողոքի ալիքը բարձրացել է համայնքների ղեկավարների կողմից, քանի որ նրանք չեն ուզում իրենց պաշտոնները կորցնել` Եգանյանը միանգամայն հերքեց տեսակետը. «Սուտ լուրեր են տարածում, թե համայանքների ղեկավարներն են կազմակերպում, դա քաղաքացիական նախաձեռնություն է, և մարդիկ իրենք են որոշում բողոքել խոշորացման ծրագրի դեմ»,- ասաց նա:

Նելլի Ավետիսյան