Գրիգոր Գուրզադյանն իր կյանքի բեկումնային իրադարձությունը համարել է ԽՍՀՄ տիեզերական կենտրոնի ղեկավար Սերգեյ Կորոլյովի հետ հանդիպումը: Վերջինս գիշերային անակնկալ զանգով խնդրել է Գուրզադյանին առավոտյան շտապ գալ Մոսկվա, իր մոտ: Հանդիպման առիթը տիեզերական աստղադիտակի ստեղծումն է եղել, որի հետ կապված աշխատանքները պետք է ղեկավարեր Գուրզադյանը: Կորոլյովը տիեզերանավի վրա նախատեսել էր դնել աստղադիտակ, և որոշել էր, որ տիեզերանավի գծագրերին պետք է ծանոթանա Գրիգոր Գուրզադյանը: Վերջինս արագ հայտնել է, թե տիեզերակայանի որ մասում պետք է տեղադրվի աստղադիտակը: Գծագրերը իրականություն են դարձել, 3 ամսում ստեղծվել է «Օրիոն 1» տիեզերական աստղադիտակը, որն էլ հաջողությամբ տեղադրվել է «Սոլյուտ» տիեզերանավի վրա: Այս մասին իր զեկույցում ասաց այս օրերին ընթացող «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» երիտասարդական գիտաժողովի մասնակից, Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի անդամ Մարիամ Այդինյանը:

 

Թե ով է եղել Գրիգոր Գուրզադյանը' տաղանդավոր գիտնականն ու մեծ հայերից մեկը, Հայաստանում, ցավոք, այսօր շատերը չգիտեն կամ չգիտեն նրա տաղանդին ու վաստակին արժանի չափով: Առավել քչերն են ծանոթ արվեստի ոլորտում նրա ստեղծագործություններին ու ճանաչում են նրան որպես նկարիչ և էսսեիստ: Պատճառը թերևս այն համեստությունն է, որը եղել է գիտնականի բնավորության կարևոր գծերից մեկը: Եվ, ահա, Մարիամ Այդինյանը իր փոքրիկ ուսումնասիրության շրջանակում ներկայացրեց նրան' աստղագետին, կոնստրուկտորին, էսսեիստին ու նկարչին:

 

Գրիգոր Արամի Գուրզադյանը ծնվել է 1922թ. հոկտեմբերի 15-ին, Բաղդադում, 1915-ին Արևմտյան Հայաստանից տեղահանված ծնողների ընտանիքում: Մեկուկես տարեկան Գրիգորը հոր ձեռքերի վրա 1200 կմ ճանապարհ է անցել' Բաղդադից մինչև Թեհրան:


«Իմ հեռավոր արմատները տանում են Վասպուրական»,- հպարտությամբ ասում էր գիտնականը:

Աստղագետը և կոնստրուկտորը

1944 թվականին Գուրզադյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտը, ապա նույն տարում ընդունվել ասպիրանտուրա' ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ: 1946թ. հիմնադրվել է ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը: Գրիգոր Գուրզադյանն իր մասնակցությունն է ունեցել այդ գործում և դարձել կենտրոնի աշխատակիցներից մեկը:
1950-66 թթ. ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը, 1967-1973-ին' տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը, 1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան, 1978-1992-ին եղել է Բյուրականի աստղադիտարանի արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ, 1992-2004-ին' Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն: 1979-ից եղել է նաև ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ: Տասնամյակներ շարունակ դասավանդել է տեսական աստղաֆիզիկա ԵՊՀ-ում և ճշգրիտ մեխանիկա' ԵրՊԻ-ում, 1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման, 1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ, 1986-ին' ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ: Գրել է ավելի քան 200 գիտական հոդված, հեղինակ է մի շարք մենագրությունների: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ է եղել 1950 թվականից, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ' 1975 թվականից: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

 

Գրիգոր Գուրզադյանը համարվում է տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկը: ՈՒսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան, ստեղծել աստղերի բռնկման տեսություն' հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա, իր ղեկավարած կոնստրուկտորական բյուրոյում նախագծել է «Օրիոն» 1 և «Օրիոն 2» տիեզերական աստղադիտակները: Մի շարք գիտական սարքերի, օպտիկական համակարգերի հեղինակ է: Գուրզադյանը մշակել է սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտների և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները: 1960-ականներին Ռ-5 բալիստիկ հրթիռների կիրառմամբ նա ղեկավարել է Արեգակի և աստղերի գերմանուշակագույն դիտումները (առաջին թռիչքը կայացել է 1961թ. Կապուստին-Յար բազայից):

 

««Սոլյուտ»-ի առաջին և երկրորդ թռիչքները տիեզերք բարեհաջող են ընթացել,- ասաց Մարիամ Այդինյանը:- Սակայն երրորդ տիեզերանավի վայրէջքի պահին դժբախտ պատահար է տեղի ունեցել. երեք տիեզերագնացները զոհվել են: Գիտնականն ամեն անգամ ցավով էր հիշում այդ դեպքը: Այնուամենայնիվ, նրան հաջողվել է ձեռք բերել Պացաևի գրպանից գտնված տեսաժապավենը, ինչի շնորհիվ միջազգային գիտական հանդեսներում հոդվածներ է հրապարակել»:

 

«Ցնցումը զարհուրելի էր, ես չեմ կարող բացատրել, թե ինչ էր կատարվում բոլորիս հետ հատկապես առաջին պահին, երբ ռադիոկայանները հայտնեցին, որ երեքն էլ Երկիր են հասել մահացած,- ասել է Գուրզադյանը:- Գիտե՞ք՝ այս պահը հոգեբանորեն հետաքրքիր է. մեզանից ամեն մեկը, ես առաջին հերթին, մտածում էր, որ պատճառը ես եմ եղել: Լուռ, ամեն մեկը մտածել է իր հոգու խորքում, որ պատճառը ես եմ եղել… մեր Օրիոնն այնտեղ էր… Ի՜նչ գիտական արդյունքներ էին ստացվել, բոլոր ամերիկյան ամսագրերը տպագրեցին: Իսկ աղետի հիմնական պատճառը որոշեցին չհրապարակել, որովհետև ժողովուրդը կարող էր պայթել: Ստեղծվեց կառավարական հատուկ հանձնաժողով, փորձագետներ, մասնագետներ, գիտակներ… և պարզեցին հետևյալը. այն վարպետը, որը հավաքել էր իջնող սարքի հանգույցներից մեկը, եղել էր սարսափելի հարբած…»:

 

250 կգ կշռող ապագա «Օրիոն 2»-ը տեղակայվում է տիեզերանավերից մեկի վրա, որը ստանում է «Սոյուզ-13» անունը: Գուրզադյանին է վստահվում 12 տիեզերագնացներից ընտրել մեկ զույգի, ովքեր պետք է տիեզերք դուրս գային:

 

«Հայաստանում, սկզբում Բյուրականում, ապա Գառնիում, մեզ հաջողվեց առաջինը Խորհրդային Միությունում և առաջիններից մեկն աշխարհում ստեղծել և տիեզերք հանել աստղադիտարաններ, որոնք պետք է աշխատեին մինչ այդ գործնականում անհայտ տիեզերական պայմաններում,- հետագայում հիշել է գիտնականը:- Սկզբում մենք ստեղծեցինք հրթիռային աստղադիտարաններ, որոնք արձակվում էին բավականին բարձր՝ մինչև հինգ հարյուր կիլոմետր: Ապա ստեղծեցինք ուղեծրային աստղադիտարաններ, որոնք աշխատում էին և՛ ավտոմատ ռեժիմով, և՛ տիեզերագնացի մասնակցությամբ: Այստեղ մենք առաջինը աշխարհում որոշակի գիտական արդյունքներ ստացանք: Այսօրվա պես հիշում եմ այն հուզիչ պահը, երբ առաջին անգամ գրանցեցինք թույլ աստղերի, մոլորակաձև միգամածության սպեկտրներ կարճալիք՝ ուլտրամանուշակագույն տիրույթում, և մեր աչքերի առջև բացվեց այն, ինչ մինչ այդ հասու չէր»:

 

«Օրիոն 2»-ը տեղակայվելով «Սոյուզ 13» տիեզերանավի վրա, արձակվել է 1973 թվականին: Այն խորհրդային շրջանում հետաքրքրություն է առաջացրել ամերիկացի գիտնականների մոտ: Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության' ՆԱՍԱ-ի հետ կնքվել է պայմանագիր' միասնական տիեզերական հետազոտություններ կատարելու նպատակով: Պայմանագիրը մեր կողմից ստորագրել է Գ. Գուրզադյանի որդին' Վահագն Գուրզադյանը: Նախատեսվել էր Գառնիում ստեղծել Տիեզերական կապի կենտրոն: Անհրաժեշտ սարքավորումները պետք է տրամադրեր ԱՄՆ-ը: Սա բացառիկ հնարավորություն էր Հայաստանի համար, որը, ցավոք, չի իրականացել:

 

«Օրիոն 2»-ին առնչվող կարևոր նորամուծությունը աստղադիտարանի կառավարման համակարգի ստեղծումն էր առանց գիրոսկոպների, այսինքն' միայն աստղերի միջոցով: Աստղերի միջոցով այն հարթակը, որի վրա դրված էր աստղադիտակը, պետք է քարացած մնար երկնքի համար: Գիտնականի այս գաղափարը ընկալելի չի եղել ժամանակակիցների համար: Ինքը մեծահոգաբար է մոտեցել հարցին. «Երկրի բոլոր խոշորագույն տեխնիկական, ինժեներական կենտրոնները հրաժարվեցին մոտենալ այդ խնդրին: Պետք չէ նրանց մեղադրել: Գիտեք, երբ բոլորովին նոր խնդիր է առաջանում, պետք չէ մեղադրել, որ գոյություն ունեցող կենտրոնները չեն ուզում մոտենալ, որովհետև այդ կենտրոնները ստեղծված են եղել մինչ այդ եղած գաղափարների վրա, և նրանք ձևավորվել են մտածողության միայն այդ չափանիշներով ու գաղափարներով»:

 

Նկարիչը

«Մենք չենք ուզում հասկանալ, որ այս երկիրը հեքիաթային երկիր է»,- ասել է Գրիգոր Գուրզադյանը:
Հայրենի բնաշխարհի մեծ սիրահարը իր սփոփանքն է գտել գեղանկարչության մեջ: Դեռևս 1 տարեկանից Գրիգորին սկսել է ճնշել լսողությունը, բայց իր հետագա կյանքում լսած սիմֆոնիաները նա մտապահել է, մտքում անգիր արել: Գուցե հենց այդ սիմֆոնիաներն են նրան ուղեկցել գեղանկարներ ստեղծելու ընթացքում:

 

«Նկարի պահանջը շնչելու պես մի բան է, ամեն գիծը մեծ ապրումով եմ քաշել ամեն նկարի վրա, դա ինձ համար մի ամբողջ աշխարհ է»,- ասել է Գուրզադյանը:

 

Նա մշտապես զգացել է երաժշտություն լսելու, նկարելու կարիքը, բայց զսպել է իրեն' համարելով, որ նկարելը միայն իրեն է պետք, իսկ գիտական նվաճումները' բոլորին: Սիրել է տիեզերքը, բայց անընդհատ հիշեցրել, որ մտածողություն, որոշում կայացնելու կարողություն միայն մարդն ունի, և… տիեզերքում արվեստ չկա, մարդն է ստեղծում այն:

 

Գրիգոր Գուրզադյանը Պոլիտեխնիկական ինստիտուտին զուգահեռ, Թերլեմեզյանի անվան ուսումնարանում կերպարվեստի դասեր է առել հայ հայտնի գեղանկարիչ Մարիամ Ասլամազյանից: Նկարչության հանդեպ սերը դեռևս մանուկ հասակից է դրսևորվել.

 

«Եթե թղթի կտոր էր ընկնում ձեռքս և մի ջարդոտված մատիտ, նկարում էի ծառ, քար, տուն, ինչ-որ հայացքս կամ աչքս տեսնում էր, բայց հետո քիչ-քիչ այդ հատկությունը դարձավ տիրապետող, և ես էլ չզգացի, թե ինչպես մատիտը դարձավ վրձին, դարձավ ներկ, գույն, և տեսադաշտը մեծացավ արդեն այլ չափանիշով՝ երկիրը այնպես, ինչպես կա, ինչպես մարդն է տեսնում՝ իր ձևերի մեջ, իր գույների մեջ: Այդպես տարվեցի, և ինքս էլ չզգացի այդ անցումը ո՛չ ժամանակի և ո՛չ էլ փոփոխության տեսակետից»:

 

Գրիգոր Գուրզադյան գեղանկարչի վրա մեծ ազդեցություն է թողել Մարտիրոս Սարյանը: Նրա մասին ասել է, որ հայ ժողովրդին տվեց գույնի զգացողությունը: Նրանով սկսվեց հայ կերպարվեստի պատմությունը:

 

«Գիտե՞ք, նկարելը նվագելու պես բան է երևի, ես գոնե այդպես եմ ընկալում, դա միշտ մարդու հոգում կա: Շատ եմ սիրում գույնը: Գույնը շատ հետաքրքիր մտքեր է բերում, հարկադրում որոշակի վերաբերմունք ունենալ շրջապատի նկատմամբ: Գույների աշխարհը կարևոր իրադարձություն է բնության մեջ»,- հարցազրույցներից մեկում հայտնել է Գուրզադյանը:

 

«Նրա նկարներում պատկերված վառ ծաղիկները յուրօրինակ տրամադրություն են հաղորդում,- ասաց Մարիամ Այդինյանը:- Ողջ մարդկային հույզերն են ամփոփված այդ նկարներում: Նկարիչը դրանք անվանում էր կարոտ, հույս, երազ, անդորր, շքեղություն, խրախճանք… Գրիգոր Գուրզադյանը սիրում էր ժամերով, օրերով մենակ մնալ բնության հետ: Հենց այդ պտղաբեր մենության ծնունդն են նրա բնանկարները, հայրենի լեռների, ձորերի պատկերները: Ուշադրության են արժանի նաև նրա գծանկարները, որոնցում գերիշխող են իր սիրելի հունական քանդակները»:

 

Հույն կնոջ մարմինը Գուրզադյանն իդեալական էր համարում. «Հելլենուհին... ոչ մի զարդարանք վզին ու ձեռքին, մատներին ու գլխին: Հելլենուհին չունի կարիք պաճուճանքների... Ամենամեծ զարդարանքը ինքն է, իր մարմինը, բուրմունքը մարմնի. այդ բուրմունքը նրանց քանդակներից էլ է գալիս…»:

Էսսեիստը

«Հայ ընթերցողների շրջանում հետզհետե մեծանում է հետաքրքրությունը Գրիգոր Գուրզադյանի էսսեների նկատմամբ,- ասաց Մարիամ Այդինյանը:- Էսսեները թեմատիկ առումով բազմազան են. դրանք վերաբերում են գիտությանը, արվեստին, պատմական նշանավոր իրադարձություններին: Գիտնականի գիտելիքները տիեզերքի պես անսահման են թվում»:

 

Խորապես ուսումնասիրված, յուրացված է ցանկացած թեմա, որին մոտեցել է Գուրզադյանը:

«Ես ինքս էլ չզգացի, թե երբ և ինչպես սկսեցի խոսել արվեստի մասին, գիտության ու գրականության մասին, իհարկե, համապատասխան լեզվական միջոցներ կիրառելով: Ահա այդպես ծնվեցին իմ գրքերը, որոնցում ընդգրկված են տարբեր տարիներին գրված էսսեներ»,- ասել է Գուրզադյանը:

 

Ըստ Մարիամ Այդինյանի, Գրիգոր Գուրզադյանի համար էսսեի ժանրը միջոց էր խրթինը մատչելի ներկայացնելու: Ինչպես ինքն էր ասում, այս ժանրը հնարավորություն է տալիս թափանցելու իրերի էության մեջ: Աստղագիտությունը, որից շատերը հեռու են մնում, մտածելով, թե իրենց խելքի բանը չէ, Գուրզադյանի էսսեներում մատուցվում է պարզ, մատչելի և գեղարվեստորեն:

 

«Գալակտիկաները աստղային քաղաքներ են, աստղային օազիսներ:,- գրել է նա:- Ինչպես անապատում ամայություն է, դատարկություն, այդպիսի դատարկություն է գալակտիկաների միջև ընկած տարածության մեջ: Աստղերը նման են իրար, մեկը' մեծ, մյուսը' փոքր, բայց բոլորն էլ գնդաձև, խիստ տաք գազային զանգվածներ են. դրանցից մեկը' Արեգակը»:

 

Օգտագործելով գեղարվեստական տարբեր արտահայտչամիջոցներ, հեղինակը ընթերցողին մոտեցնում է գիտությանն ու ծանոթացնում տիեզերքի գաղտնիքներին: Մարդու և տիեզերքի թեման առկա է Գուրզադյանի բազմաթիվ էսսեներում:

 

«Տիեզերք-բնությունն ստեղծել է մարդուն, մարդն էլ իր հերթին ստեղծել է ինչ-որ բաներ, որոնք, ի վերջո, մտնում են տիեզերքի գանձարանը, որպես հավելյալ արժեք, որպես երկրորդական արդյունք: Կարելի է ասել, որ մարդու գործունեությամբ տիեզերքը դառնում է մի փոքր ավելի բազմազան: Օրինակ' մարդը ստեղծել է արվեստ, գրականություն. սրանք տիեզերքում չկան: Թեպետ ներշնչումը, այո, գալիս է բնությունից: Մարդը ստեղծել է հավատ, կրոն, մի հոյակապ պատրանք, որն իր բոլոր տարատեսակներով խաղացել է այնքան վիթխարի դեր' իր իսկ մարդու ճակատագրում: Բայց կրոնը նույնպես չկա բնության մեջ». գրել է նա «Տիեզերքը ափի մեջ» էսսեում:

 

Գիտնականն իր էսսեներում անդրադարձել է հին եգիպտական, հունական մշակույթներին, ճարտարապետությանը, փորձել է հասկանալ հին աշխարհի գաղտնիքները: Գուրզադյանը սիրել է անդրադառնալ նաև պատմության մեջ հետք թողած, պատմություն կերտած անձանց, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Դեմոկրիտը, նշանավոր զորավար Հաննիբալը, Արտաշես արքան: