ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն Ազգային ժողովում ասաց, որ ԸՕ-ի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ կքվեարկի, եթե համոզվի, որ նախագիծը համապատասխանում է 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնության տեքստին:
«Եթե ՀԱԿ-ը գտնի, որ ներկայացված նախագիծը համապատասխանում է ձեռք բերված համաձայնության տեքստին՝ մենք կողմ կքվեարկենք: Դավիթ Հարությունյանի զբաղված լինելու պատճառով մենք չենք կարողացել քննարկել համապատասխան հարցեր: Այսօր նա եկավ մեր խմբակցություն, մի քանի դրույթների վրայով կարողացանք անցնել, սակայն այդ գործընթացը դեռ չի ավարտվել: Ես կրկնում եմ, որ մենք կողմ կքվեարկենք միայն այն դեպքում, եթե համոզվենք, որ նախագիծը համապատասխանում է համաձայնության տեքստին»,- նշեց Զուրաբյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ ընդգծեց, որ պատրաստ է ՀԱԿ խմբակցության հետ աշխատել՝ ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխությունները ներկայացնելու առումով:
«Հենց ես իջնեմ ամբիոնից, մենք կարող ենք ձեր խմբակցությունում շարունակել մեր աշխատանքները: Եթե քվեարկությունը տեղի կունենա անմիջապես հարցի քննարկումն ավարտելուց հետո՝ ձեր իրավունքն է՝ ինչպես քվեարկել, իսկ եթե քվեարկությունն ավելի ուշ լինի, կարծում եմ, մենք կկարողանանք կառուցողական քննարկումներ անել և համաձայնության գալ»,-ասաց Հարությունյանը: