Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի խորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ-ի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ եղե լ են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

 

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ու անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։

 

Մանանա Կոբախիձեն նշել է, որ վրաց ժողովուրդը դատապարտում է Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ կատարված էթնիկական զտումը եւ հավելել՝ «Մենք այսօր մեր հարգաքի տուրքն ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին»։

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակով ընթացող զարգացումը, վստահություն է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ քննարկումների արդյունքում դրական լուծում կստանան ծրագրով նախատեսված հարցերն ու խնդիրները։