Անցած շաբաթվա առանցքային միջազգային իրադարձությունն Ադրբեջանի համար հուլիսի 8-9-ին ՆԱՏՕ-ի սամմիթն էր Վարշավայում, որին մասնակցեց նախագահ Իլհամ Ալիևը: Վարշավայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռակողմ ձևաչափով քննարկեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Քերին հաստատեց Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ փոխանցում է АПА-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի տեղեկատվությամբ՝ հանդիպման ժամանակ Ալիևը և Սարգսյանը «պատերազմին դեմ» են եղել և հաստատել են «բանակցությունների գործընթացի հակվածությունը»: Վաշինգտոնը շարունակում է աջակցել քննարկումներին, որ տանում են դեպի ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորում՝ հավելել է պետքարտուղարը:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Մեթյու Բրայզան Trend.az-ին ասել է, որ Ալիևի մասնակցությունը վկայում է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է: «Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Վարշավայի սամմիթին լիովին բնական է և վկայում է, որ կողմերը լավ, բարեկամական հարաբերություններ են ստեղծել: Բացի այդ, Ադրբեջանն, անկասկած, կարևոր դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է ԱՄՆ դիվանագետը:
Իրենց դիրքորոշումը բարձրաձայնեցին և Հյուսիսատլանտյան ալյանսի պաշտոնական դեմքերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը արտահայտեց մտահոգությունը խնդրով, որ «առավել ակնհայտ է դարձել» ապրիլյան քառօրյա սրացումից հետո: Ապաթուրայը նշել է, որ կան կոնֆլիկտի լուծման «շատ գաղափարներ»՝ հավելելով. «Ստատուս քվոն չի կարող այդքան երկար շարունակվել և պետք է փոխվի բանակցությունների ճանապարհով»: Բրայզան հասկացրել է, որ չպետք է սպասել ղարաբաղյան խնդրի մանրակրկիտ քննարկում, քանի որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշնորհն է: Սակայն, նրա խոսքով, եթե համանախագահները կոնֆլիկտը անտեսեն, շատ վտանգավոր ուղղությամբ կարող է զարգանալ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բաքվին ու Երևանին կոչ արեց «նվազեցնել լարումը, հրաժարվել բռնությունից և շարունակել աշխատանքը հարցի խաղաղ լուծման ուղղությամբ»՝ մեջբերում է Report.az-ը: Ամփոփիչ կոմյունիկեում ՆԱՏՕ-ն, Բաքվի ԶԼՄ-ների հաղորդմամբ արտահայտել է «աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը»:
ՆԱՏՕ-ի սամմիթում Ալիևը հանդիպել է Ֆրանսիայի, ԳԴՀ-ի, Լեհաստանի ու Թուրքիայի ղեկավարների հետ
Օգտագործելով առիթը՝ Ալիևը անհատական հանդիպումներ է ունեցել: Հուլիսի 9-ին, սամմիթի առաջին օրը Ադրբեջանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ՝ տեղի է ունեցել տեսակետների փոխանակում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման շուրջ: Կողմերը նշել են խաղաղ լուծման նպատակահարմարությունը, Օլանդն ակտիվ աջակցություն է խոստացել: Ալիևը հանդիպել է նաև ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Նախարարի հետ Ալիևը մտքեր է փոխանակել Ղարաբաղի վերաբերյալ, նախագահի հետ՝ տնտեսության, էներգետիկայի, անվտանգության ու տրանսպորտի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է վերջին բանակցությունների «դրական առաջընթացի մասին»:
Իրանը Հայաստանին փրկում է մեկուսացումից
Հուլիսի 12-13-ին Սոֆիայում Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի ու Հունաստանի ներկայացուցիչների նախապատրաստվող հանդիպման մասին տեղեկությունը Haqqin.az-ին հիշեցրել է Երևանի փորձերը՝ իր կողմը «քաշել» բեռնափոխադրումներն ու տարանցումը: Այդ երկրները մտադիր են տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոցից մինչև Սև ծով: Հայաստանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հասկացրեց, որ Իրանը Հայաստանը համարում է նախագծի մասնակից: «Հայաստանն Իրանի համար առավել ընդունելի երթուղի է, հաշվի առնելով, որ քաղաքական առումով երկու երկրները մրցակից չեն, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի»՝ բացատրում է գործակալությունը: Haqqin.az-ը վստահ է, որ նշված պետությունները «բոլոր միջոցներով փորձում են աջակցել Հայաստանին՝ ի հակակշիռ Ադրբեջանի» և «նրանցից ոչ ոք չի ցանկանում Ադրբեջանի հետագա հզորացումը՝ առանց այդ էլ տարածաշրջանի ամենազարգացած ու հզոր պետության»: Բաքվում գտնում են, որ նախագիծը քիչ հեռանկարներ ունի ֆինանսավորման պակասի, Հայաստանի ռելիեֆի բարդության և ինֆրակառույցների բացակայության պատճառով: Առավելագույնը, որ կարող են անել դիվանագետները Սոֆիայում, փոխըմբռնման հուշագիր ստորագրելն է: «Բայց եթե նույնիսկ այդ միջանցքը ստեղծվի, որևէ կերպ չի կարող ներգործել Եվրոպա-Կովկաս-Ասիա մասշտաբային միջանցքի վրա, որ ավարտվում է Ադրբեջանի մասնակցությամբ»՝ եզրակացնում է Haqqin.az-ը:
«Հերթապահ հանդիպումները» և լուծման «իմիտացիան» բարձրացնում են ռազմական բախումների հնարավորությունը
Չնայած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան այցին և ապագա այցին Բաքու, ադրբեջանցի փորձագետները հոռետեսական են գնահատում ղարաբաղյան կարգավորման առաջընթացի հնարավորությունը: Նրանք միջազգային ջանքերը համարում են լուծման «իմիտացիա», իսկ բարձրամակարդակ հանդիպումները «հերթապահ»: Մոսկվայի գլխավոր նպատակն է «մեծացնել շփումների թիվը հուլիսին և օգոստոսին, վերացնել կոնֆլիկտի գոտում մարտական բախումների հավանականությունը»՝ կարծում է քաղաքագետ Էլհան Շահինօղլին:
«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավարը կարծում է, որ Կրեմլը դեռ չի հասցրել նախապատրաստել «կոնֆլիկտի արագացված լուծման ծրագիրը», իսկ ճգնաժամով զբաղված ԵՄ երկրներում չի ձևավորվել խնդրի կարգավորման տեսակետ: «Եթե ԵԱՀԿ նախագահ Գերմանիայի կանցլերը, երկիր, որ պետք է զբաղվի ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմամբ, հայտարարում է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում կոնֆլիկտի կարգավորման մեջ, պարզ է, որ արևմտյան երկրների միջնորդական նախաձեռնությունները պարզապես իմիտացիա են»՝ ընդգծում է նա: Երևանում ու Բաքվում ԳԴՀ ԱԳ նախարար Շտայնմայերը խոսում էր «ամեն ինչից, բացի կոնֆլիկտի լուծումից»՝ նկատում է Շահինօղլին: Թեպետ փուլային տարբերակը Բաքվի համար իդեալական է, քաղաքագետը կասկածում է, որ բանակցությունները հենց այդ ուղղությամբ են գնում՝ փոխանցում է YeniMusavat-ը:
Դիվանագիտության հաջողությանը չի հավատում և ռազմական փորձագետ ՈՒզեիր Ջաֆարովը: «Ապրիլյան բախումներից հետո արժեր սպասել, որ միջազգային կառույցները, մասնավորապես, ռուսական կողմը, ագրեսորին կջանան բացատրել, որ այդ իրադրությունը երկար շարունակվել չի կարող: Բայց Ռուսաստանը ինչ-որ փաստաթուղթ է առաջադրել և իբր նրա շուրջ քննարկումներ է անցկացնում: Ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի իրականացումը սկզբում կթվա անհնար, իսկ իրականացման նախօրեին նորից խառնակություն կսկսվի: Մենք պարզապես ժամանակ ենք կորցնում, դա կլինի ուղղակի հերթական հերթապահ հանդիպում՝ նախապես հայտնի արդյունքով»: Նա կարծում է, որ Երևանը փորձում է ժամանակ շահել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ ձեռքբերումը իր դիտորդների թվի ավելացումն է: Այդ միտումը հաշվի առնելով՝ Ջաֆարովը կանխատեսում է «որոշակի պահի» մարտական բախումների կրկնություն: