ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու բացահայտեց մի շարք իրողություններ, որոնց մասին անցած շաբաթներին մամուլը հետևողականորեն գրում էր։ Ակնհայտ դարձավ, որ ԵԱՀԿ մինսկի խմբի հավաքական ջանքերից բացի գոյություն ունի նաև ռուսական նախաձեռնություն, որի մեկնարկը տրվել է Սանկտ Պետերբուգում հունիսի 20-ին տեղի ունեցած Վլադմիր Պուտին-Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից առաջ կամ հետո։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի ունեցածը որևէ կապ չունի Վիեննայի գործընթացի հետ։ Պատահական չէ, որ երեկԲաքվում Լավրովն ու Մամեդյարովը խոսում էին միայն պետերբուրգյան հանդիպման և համաձայնությունների մասին։


Ենթադրվում էր, որ Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում: Այս նախաձեռնությունն, ըստ ամենայնի, գալիս է արևմտյան միջնորդներից և նպատակ ունի կանխել ռուսական սցենարը։ Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իր ռուսաստանցի գործընկերոջ ներկայությամբ ասել է, որ երկու երկրի նախագահների նոր հանդիպման հարցը կլուծվի, երբ Լավրովը Երևանի ու Բաքվի բանակցությունների մասին զեկուցի Վլադիմիր Պուտինին։

 

Բաքուն Մոսկվային պարզ ասում է՝ «բան ես խոստացել՝ կատարիր խոստումդ»։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն իր հերթին սենսացիոն հայտարարություն է արել. «Ղարաբաղի հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ, սակայն մանրամասները դեռ վաղ է բացահայտել»,- ասել է Լավրովը։ Հայտարարությունը սենսացիոն է հատկապես քառօրյա պատերազմի համատեքստում, երբ հակամարտության կողմերի դիրքորոշումներն ավելի են կարծրացել։ Ալիևը Ղարաբաղը տեսնում է միայն Ադրբեջանի կազմում, Սերժ Սարգսյանն այս տարբերակը կտրականապես բացառում է։ Ասել կուզեմ, որ հիմա, այս պահին ավելի իրատեսական է ոչ թե կարգավորման, այլ պատերազմի վերսկսման հեռանկարը։

 

Լավրովը խոսում է պետերբուգյան ինչ-որ համաձայնույթունների մասին, որոնք ըստ նրա, երեք նախագահները չեն հրապարակում՝ դիվանագիտական էթիկայից ելնելով։ Իմ ընկալմամբ՝ առկա է ռուս-ադրբեջանական որոշակի համաձայնություն, ինչի մասին, ի դեպ, ռուսական մամուլը գրել է։

 

Ըստ ամենայնի՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հենց այս խնդիրն է քննարկվել։ Խոսքը թերևս վերաբերում է նրան, որ Ռուսաստանն Ադրբեջանին խոստացել է 1-2 շրջանի վերադարձ, եթե Բաքուն համաձայնի մաս կազմել եվրասիական ինտեգրացիային։


Սանկտ Պետերբուգից սկսած՝ Մոսկվան փորձում է Հայաստանին հարկադրել այս լուծումը, բայց կարծես թե հանդիպում է Երևանի դիմադրությանը։ Մեր իշխանություններն այնքան համարձակ չեն, որպեսզի հրապարակավ ընդդիմանան ռուսական նախաձեռնությանը, սակայն շեշտը դնում են այն հարցերի վրա, որոնք առաջնային են ոչ թե Ռուսաստանի, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահների կամ նրանցից երկուսի համար։


Մինչ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ոչ ադեկվատ, անատամ արձագանքներ են տալիս Լավրով-Մամեդյարով ասուլիսին՝ Հայաստանի նախագահը, ԱԳ նախարարը առանձնապես կարևորում են հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը և այլն։ Այսինքն՝ մերոնք խոսում են այն լեզվով, որը դուրս է Սանկտ-Պետերբուրգի քննարկումներից ու հասկանալի է արևմուտքի համար։ 

 

Ռուսաստանը շուրջ 5 մլրդ դոլարի սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին ևշարունակելու է մատակարարել։ Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին՝ տարածքային զիջումներ պարտադրելով Հայաստանին։ Հուսամ՝ մեր իշխանությունները կընդդիմանան Մոսկվայի ցանկություններին և քաղաքական ինքնասպանության չեն դիմի։ Այդ պարագայում Ռուսաստանը գուցե Ադրբեջանին հրահրի նոր պատերազմի, եթե, իհարկե, արևմուտքին չհաջողվի կասեցնել ռուսական նախաձեռնությունը։ Այնպես է ստացվել, որ թղթի վրա մեր դաշնակիցը Ռուսաստանն է, սակայն այսօր մեր իրական դաշնակցի դերում արևմուտքն է, որը կարող է կանխել ռուս-ադրբեջանական հակահայ համաձայնությունը կամ նոր պատերազմի վերսկսումը։

Սարգիս Հակոբյան