-Երևանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը զինված խմբի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով հանգուցալուծման կողմնակից է,- ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Էրեբունի վարչական շրջանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք բոլորիս մտահոգում են: Մենք քննարկել ենք այս հարցը կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում: Տեղի է ունեցել ողբերգություն, սպանվել է ոստիկանության գնդապետ, ով ծառայել է հայրենիքին Արցախյան հերոսամարտի ժամանակ, նաև իր պարտականությունն էր կատարում օրեր առաջ»,-ասաց Շարմազանովը:
Նա հույս հայտնեց, որ քրիստոնեական արժեհամակարգն ու հանդուրժողականությունը կհաղթեն: «Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են: Ես համարում եմ, որ բոլոր կողմերում խիղճն ու հանդուրժողականությունը կհաղթեն և կխուսափեք նոր արյունահեղությունից»,-ավելացրեց պաշտոնյան:
Շարմազանովը շեշտեց՝ որևէ ժողովրդավարական երկրում զենքի ուժով խնդիր լուծելն արդարացված չէ՝ Միացյալ Նահանգներից մինչև Ճապոնիա: