ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով բազմաթիվ տուժածներից ամենից ծանրը հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակն է։ «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։

 

Կլինիկայի մասնագետները փուլ առ փուլ պայքարում են հիվանդի վիճակը բարելավելու համար։ Անցած ամբողջ օրերի ընթացքում նրա վիճակը եղել է ծանր։ Թեև որոշակի ժամանակաընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով' գրանցվում են նաև սպասվելիք բարդություններ։ Հիվանդի մոտ առավոտյան եղել է վիճակի որոշ վատացում։ Կազմակերպվել է կոնսիլիում։ Ոստիկանն այսօր երրրորդ անգամ վիրահատվել է։

 

Մասնագետները նրա վիճակը գնահատում են ծանր, կրկին միացված է արհեստական շնչառական սարք։