Այսօր Հայաստանում հիմնադրվեց Հանուն սոցիալական արդարության՝ ՀԱՍԱԿ նոր կուսակցությունը, որի գաղափարախոսությունը սոցիալ-պահպանողական է: Կուսակցությունը վարելու է մեծամասնության համար ընդունելի, աստիճանաբար կատարվող դրական փոփոխությունների քաղաքականություն:

 

Համագումարի ընթացքում ՀԱՍԱԿ-ի նախագահ ընտրվեց Արման Ղուկասյանը, իսկ քաղաքական խորհրդի կազմում ընդգրկվեցին Ծովինար Կոստանյանը, Վահե Դավթյանը, Նանե Սարգսյանը, Սևան Աղաջանյանը, Վարդուհի Մուրադյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք բոլորը երիտասարդներ են, չունեն ոչ մի քաղաքական դեմք, որի PR-ով զբաղվենք, այլ զբաղվելու են կուսակցության առջև դրված ծրագրերով՝ առկա սոցիալական խնդիրները վեր հանել և լուծումներ տալ: 

 

Հարցին, թե կուսակցությունն ինչ դիրքում է ծավալելու իր գործունեությունը, արդյոք նրանց կտեսնենք ընդդիմադիր դաշտում, Արման Ղուկասյանն ասաց. «Մենք մեզ համարում ենք սոցիալ-պահպանողական կուսակցություն, մենք առաջարկում ենք մեր ալտերնատիվ տարբերակը, մեր տեսլականն ունենք և մեզ համար տարբերություն չկա մեր բաղադրատոմսերը որ կուսակցությունը կիրականացնի: Մենք նոր շունչ ենք հաղորդելու և ոչ թե խոսելու ենք կատեգորիաներով՝ ընդդիմադիր ենք, թե՝ ոչ, այլ իրականացնելու ենք մեր ծրագրերը և, եթե մեր համոզմունքները կիսեն մենք համագործակցության եզրեր կգտնենք, թե իշխանությունների և թե այլ ուժերի հետ, իսկ եթե ոչ՝ մենք կփորձենք դա իրականացնել մեր ուժերով»:

 

Ի պատասխան մեր հարցին՝ Արման Ղուկասյանն ասաց, որ իրենց կուսակցությունում արդեն 500 անդամագրված քաղաքացի կա, այս միավորման մեջ հավաքված երիտասարդները ցանկություն ունեն մասնակցելու 2017 թվականի ընտրություններին:

 

Մենք փորձեցինք ճշտել նաև, թե որտեղ է կուսակցության գրասենյակը և ինչքան են վճարում վարձակալության համար, Արման Ղուկասյանը մեզ պատասխանեց, որ նորաբաց կուսակցությանը մոտ կանգնած մարդկանցից մեկը քաղաքի կենտրոնում՝ Օպերայի մոտ, իր տարածքն է տրամադրել իրենց՝ սիմվոլիկ 50.000 դրամ վարձավճարով: