«Ես չեմ կարծում, թե Մոսկվան ցանկանում է խնդրի վերջնական լուծում, բայց կա երկու բան, որ Մոսկվան ցանկանում է: Դուրս մղել Արևմուտքին գործընթացից այնքան, որքան հնարավոր է, և մերձենալ Բաքվի հետ: Եթե Մոսկվան մտածի, որ կարող է իր կողմը քաշել Բաքվին Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոցով, նա կանի դա, բայց չի անցնի այն սահմանագիծը, որից այն կողմ Հայաստանն իր հայացքը կթեքի դեպի Արևմուտք»: Սա ամերիկացի հայտնի վերլուծաբան Փոլ Գոբլի տեսակետն է, որը գրեթե ճշգրտորեն արտացոլում է Ռուսաստանի՝ ղարաբաղյան քաղաքականությունը ու նրա վերջին գործողությունները Հարավային Կովկասում: Գոբլի ասածին, հավելենք, որ համառորեն խոսվում է «Լավրովի պլանի» մասին, ինչը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի հարակից հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին, ԼՂ միջանկյալ կարգավիճակի հստակեցում՝ «ինքնավարությունից վերև, անկախությունից ցածր» տիրույթում, և իհարկե հակամարտության շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայում:
Թերևս այս ծրագիրն իրականացված տեսնելու ցանկությամբ է պայմանավորված Կրեմլի կովկասյան քաղաքականության կտրուկ ակտիվացումը վերջին տասնօրյակում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Հայաստանի իր գործընկերներին: Այդ բոլոր հանդիպումներն ունեցել են իրենց ուրույն օրակարգը և քաղաքական նշանակությունը, սակայն դրանց ընթացքում, ԼՂՀ թեման քննարկվել է ուղղակի կամ անուղղակի, օրակարգային կամ ստվերային հարթության մեջ:
Բաքվում և Երևանում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԼՂՀ խնդրի վերաբերյալ հայտարարություններ չի արել, բայց ակնհայտ է, որ նրա՝ հատկապես ադրբեջանական այցը ղարաբաղյան օրակարգ ուներ: Ռուս-թուրքական հարաբերությունների տասնամսյա ճգնաժամը, որը մի պահ կարող էր նույնիսկ հանգեցնել բախման, ավարտված է: Օգոստոսի 9-ին Պուտին-Էրդողան հանդիպումով սկսվել է ռուս-թուրքական հարաբերությունների նոր մեղրամիսը:
Գրեթե միշտ այդպես է եղել ռուս-թուրքական 14 պատերազմներից հետո: Մենք՝ հայերս, սկզբում միամտաբար ոգևորվել ենք, կարծել ենք, որ պատերազմում «արդար» ռուսները կլուծեն մեր հարցերը, հետո տվել ենք գլխներիս, որովհետև քաղել ենք ռուս-թուրքական հերթական մեղրամսի «քաղցր» պտուղները:
Այդպես եղել է գրեթե միշտ, սակայն մենք դասեր չենք քաղել և շարունակ սխալվում ենք ու սխալվում:
Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը և ԱԳ նախարարը ասել են, թե ԼՂՀ հարցը կքննարկվի Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափում: Էրդողանը կարևորել է նաև հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին՝ ակնարկելով ռուսական պլանի առկայությանը:
Պարզ է, Էրդողանը և Չավուշօղլուն ոչ թե օդից, այլ կոնկրետ հանդիպման հետևանքով են ստույգ խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գործող այլ ձևաչափերի ու կարգավորման կոնկրետ տարբերակի մասին:
Հստակ է, գոյություն ունի կարգավորման կամ քայլերի ռուսական սցենար, որը հակահայկական է: Հստակ է նաև, որ Մոսկվան փորձում է այս սցենարին մասնակից դարձնել Բաքվին ու ԱՆկարային, նաև Թեհրանին:
Երրորդ ճշմարտությունն այն է, որ Կրեմլը ճնշում է գործադրում, առայժմ ապարդյուն, Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց պարտադրելով զիջումներ:
Այս առումով, Պուտին-Սարգսյան վերջին հանդիպումն անարդյունք էր:
Պատահական չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն անկարելի է համարում Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացին, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անթույլատրելի է համարում միակողմանի զիջումների հեռանկարը:
Հայաստանի իշխանությունների հույսն այն է, որ Մոսկվայի պլաններն ու Բաքվի ցանկությունները կբախվեն Արևմուտքի նաև Իրանի հակազդեցությանը:
Գուցե այդպես էլ լինի: Ամեն դեպքում, մեծանում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսման կամ գոնե նոր կարճատև պատերազմի սանձազերծման վտանգը, որովհետև Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափը կարող է դիմել նման արկածախնդրության, եթե Հայաստանի իշխանությունները տեղի չտան Կրեմլի ճնշումներին:
Իհարկե սրան էլ կարող է խանգարել մեկ այլ հանգամանք: Ղարաբաղը գոնե առժամանակ կարող է դուրս մնալ միջազգային և ռուսական օրակարգերից, որովհետև վիճակը աննախադեպ սրվել է Սիրիայում և Ուկրաինայում:
Սակայն, ինձ մտահոգում է Հայաստանի իշխանությունների ոչ ադեկվատ վարքագիծը: Երևանում հույսը դրել ենք, ոչ թե հստակ քաղաքականության այլ բարեհաջող հանգամանքների վրա:
Սարգիս Հակոբյան