Հուլիսի 17-ը և դրան հաջորդած իրադարձությունները Հայաստանի քաղաքական կյանքում լակմուսի թղթի տպավորություն գործեցին:

 

Դրանք վերջնականապես բացահայտեցին իշխանության անգործունակությունը, համակարգված ընդդիմության բացակայությունը և հրապարակ բերեցին այն իրողությունը, որ 2017-ին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ,արմատապես փոխվում է երկրի քաղաքական համակարգի տրամաբանությունը:


Այլևս չի գործում իշխանություն-ընդդիմություն ավանդական հարաբերությունների համակարգը: Բողոքական էլեկտորատի քաղաքական շահերի ներկայացման հավակնություն է ցուցաբերել մի ուժ, որի վարքագծում բացակայում է քաղաքական ընդունված գործիքակազմը, առկա է անկանխատեսելիության բաղկացուցիչ:


Երբ հուլիսի 17-ին, «Սասնա ծռեր» զինված խումբը ներխուժոմ էր ՊՊԾ գնդի տարածք, հնչեցնում էր ընդամենը մեկ պահանջ, ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Դրանից հետո, հատկապես անցնող շաբաթվա ընթացքում, փորձ արվեց «Սասնա ծռեր» բրենդը քաղաքականացնել` վերածելով իշխանությունների հեռացման, ապագաղութացման և լյուստրացիայի պահանջատեր քաղաքական շարժման:


Սա նոր ընդդիմության ձևավորման քաղաքական հայտ է ու պատահական չէ, որ նոր ձևավորվող շարժման գործիչների, մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, և դարձյալ նոր ընդդիմության ձևավորման հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանի միջև երեկ բռնկվել է իսկական հրապարակային «պատերազմ»:


Երկու գործիչները միմյանց մեղադրում են, իշխանության ջրաղացին ջուր լցնելու հարցում, ասել կուզի նրանցից յուրաքանչյուրը հանրությանը ճգնում է համոզել, որ հենց ինքն է միակ ու իրական ընդդիմադիրը:

 

Շարժման հայտ ներկայացրած «Սասնա ծռեր» խմբավորումը կազմակերպչական առումով օբյեկտիվորեն մասնատված խումբ է: Գործիչների  մի մասն ազատության մեջ է, մյուսները բանտերում, հիվանդանոցներում, ընդհատակում: Այդ մարդիկ դեռ երկար ժամանակ մեկտեղվել չեն կարող, որովհետև զինված խմբի անդամները և նրանց անմիջականորեն օժանդակողները, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանը, մնալու են բանտերում:

 

Ազատության մեջ են հայտնվել Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, շուտով թերևս նրանց կմիանան նաև Անդրիաս Ղուկասյանը և Հովսեփ Խուրշուդյանը: Այսինքն, մարդիկ, որոնց կալանավորումը բացահայտ քաղաքական ենթատեքստ ուներ:

 

Կազմակերպչական մասնատվածությունը և դեռ չձևավորված քաղաքական օրակարգն արդեն հանգեցրել են նրան, որ «Սասնա ծռեր»-ի գործիչներն իրարամերժ քաղաքական վարքագիծ են դրսևորում: «Սասնա ծռեր»-ի անունից հանդես եկող Ալեք Ենիգոմշյանը մերժում է իրենց մասնակցությունը ընտրական գործընթացին, այս վարքագիծը միանգամայն տեղավորվում է ՊՊԾ գունդը գրավելու տրամաբանության մեջ:

 

Սակայն, պարադոքսալ է, որ զինված գործողությունն անիջականորեն իրականացրած Արայիկ Խանդոյանը, բանտից առաջադրվում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի ընտրություններում:


Զուր են մարդիկ կարծում, թե Միայնակ գայլի այդ քայլը տակտիկական է և միտված է նրա ազատության մեջ հայտնվելուն:

 

Եթե Արայիկը գրանցվի, անգամ ընտրվի գյուղապետ, միևնույնն է ազատության մեջ չի հայտվելու, որովհետև դա կախված է ոչ թե նրա համագյուղացիների ընտրությունից, այլ բացառապես ՀՔԾ-ից կամ դատարանից, որոնք նման ցանկություն չունեն:

 

Ենիգոմշյանի և Խանդոյանի վարքագծային հակասությունը խոսում է քաղաքական միասնական թիմի բացակայության մասին:


Այս միտումը շարժման ներսում քաղաքական ջրբաժանը խորացնելու է, որովհետև գոնե ես չեմ պատկերացնում, թե շարժման մաս կազմող «Ժառանգություն» կուսակցությունը հրաժարվի խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու գաղափարից:

 

Եթե Ենիգոմշյանի անցյալը, նրա ու իր անմիջական շրջապատի արժեհամակարգը խորթ չեն համարում քաղաքական բռնության կիրառումը, ապա նույնը չի կարելի ասել Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի մասին:

 

Նույնիսկ հուլիսի17-ի միջադեպը ինձ չի համոզում, թե իրական են Սեֆիյանի, Ենիգոմշյանի այն պնդումները, որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը կհեռանան մինչև 2017-ի ընտրությունները:

 

Դա իրական չէ, ինչպես նաև այն, որ մոտ ապագայում, գործող իշխանությանը կարելի է հեռացնել հանրահավաքային ակտիվության «հուլիսի 17-ի» կրկնության հետևանքով:

 

Անկեղծ ասեմ, «Սասնա ծռեր» շարժման կողմից հնչեցված ապագաղութացման և լյուստրացիայի գաղափարները իրապես կարող են նոր ընդդիմության ձևավորման հայտ ներկայացնել, սակայն այստեղ էլ կան հարցեր, որոնց պատասխանները շարժման ղեկավարներն ըստ էության չունեն:

 

Եթե քաղաքական ուժը ապագաղութացման, այսինքն ռուսական կայսրության ազդեցությունից ձերբազատվելու օրակարգ է ձևակերպում, ապա պետք է բանաձևի նաև ԼՂՀ խնդրի կարգավորման, հարևան երկրների հետ հարաբերությունների և անվտանգության տարածաշրջանային համակարգի մասին իր տեսլականը:

 

«Ոչ մի թիզ հող չզիջելու» թեզը իռացիոնալ է և չի ենթադրում հստակ քաղաքկան պլատֆորմի առկայություն:


Նույն լյուստրացիայի իրականացումն արդյունավետ էր միայն ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող սկզբնական շրջանին:

 

Դրա հետագա կիրառումը ժամանակավրեպ է և հանգեցնում է նույնիսկ քաղաքական հակադրության, երբ անցյալի ընտրողական բացահայտումն իշխանությունը գործիք է դարձնում անցանկալիներին չեզոքացնելու համար:

 

Ես մտածում էի, որ Ազատության հրապարակի երեկվա հանրահավաքն ավելի մարդաշատ կլինի: Սակայն, եկել էր 500 մարդ ու ակնհայտ է, որ «Սասնա ծռեր»-ի բարձրացրած հրապարակային աղմուկն ու նրա իրական հնարավորություններն անհամադրելի են: Այս շարժումը նոքդաունի է ենթարկել իշխանությանը, նոկաուտի ընդդիմությանը, բայց ինքը հայտնվել է ռեսուրսային ճգնաժամի մեջ:

 

Սարգիս Հակոբյան